Նարեկ Մակարյան. «Իմ սիրտը դեռ ազատ է»

13:28   17 մարտի, 2013

«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից եւ արդեն իսկ կայացած երգիչ Նարեկ Մակարյանը իսկական հայտնություն էր հանդիսատեսի համար: Նրա կատարումները հուզել էին ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաեւ մի շարք ճանաչված մարդկանց, որոնց թվում էր նաեւ մեծն մաեստրո Շառլ Ազնավուրը: Եւ յուրաքանչյուր իր կատարմամբ Նարեկը ավելի ու ավելի է զարմացնում: NEWS.am STYLE-ը որոշեց ծանոթանալ Նարեկ Մակարյանի հետ:

Կպատմես, ինչպե՞ս է փոխվել կյանքդ նախագծում հայտնվելուց հետո:

Դե, ծանոթացել եմ լավ մարդկանց հետ, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ են: Ունեմ նոր ընկերներ: Ավելի պատասխանատու եմ դարձել: Ի դեպ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ժյուրիի անդամներին, չէ՞ որ յուրաքանչյուրի խորհուրդների հիման վրա ես կատարելագործվում եմ: Անչափ շնորհակալ եմ:

Իսկ Սոֆի Մխեյանը ինչպիսի՞ մարզիչ է:

Սոֆին շատ պոզիտիվ մի մարդ է, ում ես շատ սիրում ու գնահատում եմ: Ուզում եմ կարեւորել նրա պրոֆեսիոնալիզմը եւ կրեատիվ մտածելակերպը:

Նարեկ, դու կատարել ես բավականին շատ երգեր, որոնց մեջ կարելի է առանձնացնել Շառլ Ազնավուրի եւ Սիրուշոյի կատարումները: Բացի այդ, հիանալի արձագանքներ ես ստացել հենց իրենցից՝ հեղինակներից: Չէ՞իր վախենում, որ մարդիկ չեն ընդունի քո կատարումները:

Ինձ համար մեծ պատիվ էր կատարել թե Սիրուշոյի եւ թե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, սակայն կար մի վախ, որ հնարավոր է հեռուստադիտողը չհավանի եւ չընդունի, քանի որ սովոր է լսել օրիգինալ կատարումները: Սակայն ի ուրախություն ինձ՝ ամեն ինչ ստացվեց շատ ավելի լավ, քան ես պատկերացնում էի. արժանացա Ազնավուրի, Սիրուշոյի ու հանդիսատեսի բարձր գնահատականին:

Պետք է նշել, որ դու ունես քո սեփական տեսահոլովակը, «Անձրեւը»: Ի՞նչ զգացիր առաջին անգամ այն դիտելուց:

Տեսահոլովակիս հեղինակը Սերժ Գաբյանն է: Քանի որ առաջին տեսահոլովակս էր, շատ էի անհանգստանում եւ չգիտեի, թե ինչպիսինը կստացվի: Սակայն աշխատելով պրոֆեսիոնալ անձնակազմի հետ՝ արդեն իսկ գիտեի, որ որակյալ աշխատանք ենք ստանալու: Եւ նաեւ ուզում եմ նշել, որ մեծ դեր է կատարել նաեւ երգի հեղինակ Արամ Սաթյանը, որը ոգեշնչեց Սերժին լավ տեսահոլովակ ստանալու հարձում:

Քո վերջին կատարումը Սայաթ-Նովայի երգացանկից է: Բավականին դժվար երգ էր, սակայն դու անթերի էիր կատարում: Ինչո՞վ էր պայմանավորված ընտրությունդ:

Շատ էի ուզում ներկայացնել Սայաթ-Նովա «Հայաստանի ձայնը» նախագծում, քանի որ հենց իրեն եմ համարում մեր հայ երաժշտության հիմնասյուներից մեկը: Բացի այդ, ընտրությունս պայմանավորված էր նաեւ նրանով, որ ցանկանում էի, որ մեր հայ երիտասարդությունը ճանաչեր այդ երգը եւ երգեր: Ի դեպ, երբեւիցե չէի փորձել երգել Սայաթ-Նովա, առաջին անգամ էր: Հուսամ, որ լավ է ստացվել:

Նարեկ, մի հարց էլ ունեմ: Քանի որ համոզված եմ, որ դու ունես աղջիկ երկրպագուների մի մեծ բանակ, հարցնեմ. Սիրտդ զբաղվա՞ծ է:

Իմ սիրտը դեռ ազատ է: Ու ասեմ, որ ինձ համար առաջնահերթ կարեւոր է կնոջ ներքին աշխարհը եւ միայն հետո գեղեցկությունը, քանի եր կարեւոր եմ համարում թե դաստիարակությունը եւ թե խելացի լինելը:

Կարո՞ղ եմ քեզ հաղթանակ մաղթել:

«Հայաստանի ձայնը» նախագիծը ինձ համար շատ մեծ դպրոց է, շատ բան եմ քաղել ինձ համար: Ու հաղթանակը չէ, որ ամենակարեւորն է: Կարեւորը հանդիսատեսի համակրանքն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իմ կողքին են եւ օգնում են ինձ շարժվել առաջ: Իսկ բարեմաղթանքի համար շնորհակալ եմ:

 Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE