Քանյե Ուեսթի նյարդերը տեղի են տվել մոր մահվան տարելիցի պատճառով

16:22   30 նոյեմբերի, 2016

Մեր բոլորի սիրելի Քանյե Ուեսթը դեռ Լոս Անջելեսի հիվանդանոցում է: Երեկ արեւմտյան լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ ռեփերին դուրս են գրելու, բայց բժիշկները որոշել են, որ 39-ամյա ռեփերը դեռեւս պետք է իրենց հսկողության տակ լինի:

Արտիստի ախտորոշումն է՝ հյուծում եւ պարանոյա: Քիմ Քարդաշյանը գրեթե ամբողջ ժամանակ ամուսնու կողքին է, բայց նա երեխաներին Ronald Reagan UCLA Medical Center չի բերում, քանի որ չգիտի, թե ինչպես կարձագանքի Քանյեն:

Ըստ TMZ-ի՝ Քանյեի նյարդային խանգարման պատճառը միայն Քիմ Քարդաշյանի հետ կապված իրավիճակը չէ: Հայտնի է, որ ռեփերը շատ է մտահոգվում Փարիզում կնոջը կողոպտելուց հետո:

Պարզվում է՝ Քանյեի վրա ազդել է նաեւ մոր՝ Դոնդայի մահվան տարելիցը (նա մահացել է 2007 թվականի նոյեմբերի 10-ին):

«Քանյեն նյարդային էմոցիաների մարտկոց է դարձել: Վերջին շրջանում շատ բան էր կուտակվել: Այս ամենին գումարած՝ նաեւ քնի պակաս եւ մշտական աշխատանքային վիճակ. դիզայն, նորաձեւություն, բիզնես: Նա ուզում էր Քիմի հետ լինել, բայց չէր կարողանում հետաձգել գործերը: Իսկ նոյեմբերի 20-ին նա չեղարկեց համերգային շրջագայություն. այդ օրը Քանյեի մոր մահվան տարելիցն էր: Մի քանի ժամ անց նրա նյարդերը տեղի տվեցին: Դա վերջնակետն էր»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:



© NEWS.am STYLE