Սոֆի Թյորները՝ յոթերորդ եթերաշրջանում «Գահերի խաղի» հերոսների ճակատագրի մասին

18:14   1 դեկտեմբերի, 2016

Վերջերս մենք արդեն մանրամասներ իմացանք «Գահերի խաղը» հայտնի սերիալի նոր սեզոնի մասին, որոնք համացանցում տարածել էին հաքերները: Յոթերորդ սեզոնի պրեմիերան նախանշված է 2017 թվականի հուլիսին: Ի դեպ՝ HBO հեռուստաալիքի հայտարարության մեջ նշվում է, որ եզրափակիչ յոթերորդ եւ ութերորդ սեզոնները լրացուցիչ սերիաներ կունենան, քանի որ հեղինակները ցանկանում են ամբողջությամբ նկարահանել գրված սցենարը:

Սանսա Սթարքին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թյորները պատմել է նոր սեզոնում հերոսների ճակատագրի մասին:

«Սանսան Ջոն Սնոուի հետ Վինթերֆիլդ է վերադառնում, սակայն Սանսայի հաղթարշավը երկար չի տեւի: Նա իր ձեռքն է վերցնում վերահսկողությունը, գտնում է դեպի ուժ տանող ուղին: Բայց նա, միաժամանակ, ավելի անվստահ է դառնում, քանի որ նրա դիրքին ինչ-որ բան սպառնում է: Նոր սեզոնում ինձ ամենաշատը հուզում է այն, որ գլխավոր հերոսները հավաքվում են միասին: Դա շատ հետաքրքիր է եւ զգացվում է, որ պատմությունն ավարտին է հասնում»,- պատմել է դերասանուհին:

 

Աղբյուրը՝ Time

 



© NEWS.am STYLE