Սերը մարդկային զգացողություններից ամենագեղեցիկն է. Դալիթան` սիրո թեմայով իր առաջին տեսահոլովակի մասին

15:25   2 դեկտեմբերի, 2016

Օրեր առաջ Դալիթան երաժշտասերների դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը` «Ես փնտրում եմ քեզ» երգի հիման վրա: Ինչպես արդեն նշել էինք` երգչուհին տեսահոլովակում ներկայանում է ավելի հասուն կերպարով եւ հասուն երգով:

Նոր տեսահոլովակի եւ փոփոխությունների մասին NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ, որը նաեւ առաջինը մեզ է տրամադրել վերջերս իրականացրած իր ֆոտոշարքը, որտեղ լուսանկարվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի հեղինակած հագուստով:

«Առաջին անգամ սիրո մասին երգել եմ իտալերենով, երբ մասնակցում էի իտալական Verdinote մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացա «Ոսկե նոտա» գլխավոր մրցանակին: Երգն ունեցավ նաեւ հայերեն տարբերակ, սակայն չունեցավ տեսահոլովակ, իսկ սա, կարելի է ասել, իմ առաջին տեսահոլովակն է` սիրո թեմայով: Հետեւելով արձագանքներին` կարծում եմ` այս աշխատանքը դուր է եկել հանդիսատեսին»,-ասում է երգչուհին, որն իր նոր երգի շուրջ համագործակցել է Արմեն Վիրաբյանի եւ Գայանե Դանիելյանի հետ.

«Արմեն Վիրաբյանի եւ Armdreams Production-ի հետ միշտ էլ եղել է համագործակցություն: Սա երկրորդ երգն է, որն ինձ նվիրել է հեղինակը: Նախորդը «Երեւան, ես սիրում եմ քեզ» ֆիլմի սաունդթրեքն է, որը հանդիսատեսին կներկայացնենք հաջորդ տարվա ընթացքում: Արմենը նաեւ տեսահոլովակի ռեժիսորն է»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ արդյոք հասցնո՞ւմ է համատեղել ուսումն ու երգարվեստը.

«Անկեղծ ասած` այդքան էլ հեշտ չէ միաժամանակ լինել եւ Ամերիկյան համալսարանի ուսանողուհի, եւ զբաղվել երգարվեստով: Փորձում եմ համատեղել երկու մասնագիտություններս եւ այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի»:

Ինչպես նշվեց` «Ես փնտրում եմ քեզ»-ը Դալիթայի առաջին տեսահոլովակն է` սիրո թեմայով: Իսկ ի՞նչ է կատարվում երգչուհու ներսում: Արդյոք նա արդեն հասցրե՞լ է վայելել այդ զգացմունքը.

«Սերը մարդկային զգացողություններից ամենագեղեցիկն է, որը դրսեւորվում է տարբեր կերպ` սեր ընտանիքի, սեր շրջապատի, ընկերների, հարազատների եւ, իհարկե, սեր ընտրյալի նկատմամբ: Ես առայժմ մտածում եմ իմ կրթության մասին եւ զբաղվում եմ դասերով եւ երգեցողությամբ»,-պատասխանեց երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE