Քենդիս Սվեյնփոլի սննդակարգն ու դիետան

16:48   6 դեկտեմբերի, 2016

ՀԱՀ-ից 28-ամյա մոդել Քենդիս Սվեյնփոլն աշխարհի ամենապահանջված մոդելներից է: Սա, ի դեպ, զարմանալի չէ, քանի որ աղջիկը պարզապես ապշեցնող գեղեցկություն ունի:

Ցավոք՝ Քենդիսը չկարողացավ մասնակցել Victoria's Secret Fashion Show-ի վերջին ցուցադրությանը, բայց բոլորս գիտենք, որ նա հարգելի պատճառ ունի. հոկտեմբերին Քենդիսը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին. մոդելն ու նրա զուգընկեր Հերման Նիկոլին որդի ունեցան՝ նրան Անակա կոչելով:

Ամեն դեպքում, ո՞րն է Քենդիսի գեղեցկության գաղտնիքը:

Սվեյնփոլը հետեւում է մի քանի պարզ կանոնների. «Հագեցած նախաճաշն օգնում է խուսափել մինչեւ ճաշ ուտելուց: Եթե ծովափին բիկինիով նկարահանում ունեմ, առավոտյան խոզապուխտով ձվածեղ եմ ուտում, միրգ, կրուասան եւ սուրճ եմ խմում: Հակառակ դեպքում՝ արդեն ժամը 11-ին մոտ քաղցած կլինեմ»:

Ճաշին եւ ընթրիքին Քենդիսը սպիտակուցային սնունդ է նախընտրում. հավով աղցան կամ սաղմոնի սթեյք՝ բրնձով եւ լոբով:

«Ես ամեն ինչ ուտում եմ, բայց չափավոր: Կոշտ դիետաներն ու այլ ծայրահեղությունները վնասակար են առողջության համար: Չեմ հասկանում հյութերից, դետոքսներից, սոյայի կաթից կախվածությունը: Ինձ նորմալ կաթ տվեք»,- հավաստում է մոդելը:

Բարձր աշխատունակության բանալին ծանրաբեռնվածության եւ հանգստի հերթագայությունն է:

«Ես կարող եմ երեք շաբաթ շարունակ առավոտից գիշեր աշխատել, նկարահանումից ցուցադրության գնալ երկու օրը մեկ, բայց հետո պետք է հանգստանամ, ճամփորդության մեկնեմ, ինքս ինձ հետ առանձնանամ: Ձգտում եմ ամեն ամիս ինձ համար մեկշաբաթյա արձակուրդ կազմակերպել: Ոչ ոք, ձեզանից բացի, հոգ չի տանի ձեր մասին»:

Կազմվածքը պահպանելու համար մոդելը կանոնավորապես բռնցքամարտով է զբաղվում: «Բռնցքամարտն ինձ համար միշտ մարմինը մարզելու հրաշալի միջոց է եղել: Ինձ դուր են գալիս դինամիկ վարժությունները, երբ զգում ես էներգիայի ավելանալը»,- ասել է Քենդիսը:



© NEWS.am STYLE