Մարինա Խաչատրյան. «Վախենում էի, որ երեխայիս ուրիշի հետ կշփոթեն»

20:36   18 մարտի, 2013

Ինչպե՞ս է փոխվել Ձեր կյանքը մայր դառնալուց հետո:

Դե, նախ սկսում ես հասկանալ, թե ինչ դժվարությամբ է քո մայրը քեզ լույս աշխարհ բերել, պահել ու մեծացրել: Եվ ինչքան պատասխանատու ես փոքրիկիդ առջեւ՝ նրա երջանիկ մանկությունն ապահովելու հարցում:

Երբ նայում եմ Հայկին, հասկանում եմ, թե որքան շատ եմ սկսել սիրել կյանքը... Որքան էլ հոգնած լինեմ, տխուր կամ բարկացած, գրկում եմ նրան, սեղմում կրծքիս ու մոռանում ամեն ինչ: Երեխայի հանդեպ սերն ամենաանկեղծն է աշխարհում:

Ինչո՞ւ հենց Հայկ անունն ընտրեցիք:

Ամուսնուս հոր անունն է եւ, բացի այդ, շատ գեղեցիկ է հնչում: Ինձ շատ է դուր գալիս: Սկզբում անսովոր էր, որովհետեւ իմ կյանքում նոր մարդուկ էր հայտնվել, իմ եւ ամուսնուս սիրո պտուղը: Անունով սկզբում չէի կարողանում կոչել: Իսկ հիմա, երբ նայում եմ նրան, հասկանում եմ, որ ճիշտ անուն ենք ընտրել, նրան շատ վայել:

Բոլոր մայրերի մոտ մի արտասովոր վախ է լինում: Ինչ-որ երեւակայություններ, որոնք իրականում երբեք չեն էլ կարող լինել: Ձեզ մոտ կա՞ նման բան:

Դե իհարկե: Երբ Հայկը դեռեւս չէր ծնվել, ես վախենում էր, որ նա կծնվի, կշփոթեն ու ինձ ուրիշ բալիկ կտան: Դրա համար երբ ծնվեց, ուշադիր ուսումնասիրում էի, որ չխառնեն: Դա էլ մեր սերիալների արդյունքը: Բայց, իհարկե, այդ ամենը անցավ, որովհետեւ յուրաքանչյուր մայր զգում է իր բալիկին:

Ո՞ր գույներն եք նախընտրում նրա հագուստում:

Կարմիր, սպիտակ եւ սեւ: Դրանք իմ սիրած գույներն են: Բայց Հայկն իր արտաքինով թելադրում է իր գույները: Հղիության ժամանակ նախընտրում էի կապույտը, կանաչն ու շագանակագույնը, իսկ հիմա այդ գույները սազում են նաեւ նրան: Ի դեպ, դեղինը չեմ սիրում ու նրան չեմ հագցնում: Տանել չեմ կարողանում հագուստի վրա փայլուն ուլունքներ, քարեր, ժապավեններ:

Կարիերային ե՞րբ եք վերադառնալու:

Արդեն աստիճանաբար քայլեր եմ անում այդ ուղղությամբ: Երկու օր առաջ նկարահանվել եմ:

Իսկ Ձեր ամուսինն օգնո՞ւմ է երեխայի հարցում:

Այո: Թե՛ ամուսինս, թե՛ Հայկի տատիկը: Առանց նրանց ինձ համար շատ դժվար կլիներ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր տղամարդ, ով իրոք սիրում է իր կնոջը, օգնում է նրան: Իսկ փոքրիկս ինձ եւս մեկ անգամ ապացուցեց, որ ամուսնուս հարցում չեմ սխալվել, ու նա օրեցօր ավելի է ամրացնում մեր սերն ու կապը: Արդյունքում էլ ստանում է իր ծնողների սերը:

Քանի՞ երեխա եք ծրագրում:

Ուզում ենք, որ շատ լինեն: Իսկ Աստված մեզ քանիսը կտա, այդքանն էլ կունենանք: Ինչպես ամուսինս է ասում կես-կատակ կես-լուրջ, տղան պետք է եղբայր ունենա, իսկ աղջիկը՝ քույր: Երեխան հրաշք է: Ու ինչքան շատ լինեն այդ հրաշքները, այդքան հետաքրքիր կլինի բոլորիս կյանքը:

Մարինա Ադուլյան




© NEWS.am STYLE