Գարիկ Մարտիրոսյանը՝ Comedy Club-ի 500-րդ թողարկման, նախագծի պատմության եւ ակումբի ռեզիդենտների մասին

12:29   8 դեկտեմբերի, 2016

Գարիկ Մարտիրոսյանը հազվադեպ է հարցազրույց տալիս, բայց շոումենը չէր կարող չմեկնաբանել այնպիսի նշանակալի իրադարձություն, ինչպիսին բոլորի կողմից սիրված Comedy Club-ի 500-րդ թողարկումն է:

Ռուսական Gazeta.ru-ին տված հարցազրույցում Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է շոուն հայտնվել հեռուստատեսությունում, թույլատրելի հումորի եւ այն մասին, թե ինչպես է կարող է փողոցից որեւէ մեկը դառնալ ակումբի ռեզիդենտ:

«Մենք հանգիստ ենք վերաբերվում մեր թեթեւ ժանրին, մեզ լուրջ գործիչներ չենք ձեւացնում: Եվ դեմ ենք, որպեսզի հուշարձաններ կանգնեցնենք մեզ համար կամ արդյունքներ ամփոփենք, քանի դեռ գործում ենք: Այդ պատճառով ամեն ինչ առանց ավելորդությունների կլինի:

500-րդ թողարկումը հերթական զվարճալի հաղորդումն է՝ նոր ծիծաղելի համարների պրեմիերայով: Իհարկե՝ երեք ռեզիդենտների մասնակցությամբ, որոնք վաղուց բեմում չեն եղել:

Այնքան շատ չէինք, որքան կցանկանայինք, բայց շնորհակալություն բոլորին, որ հավաքվեցին, եկան եւ միասին նշեցինք այդ հոբելյանը: Ամենակարեւորը, որով առանձնանում է այս թողարկումը, աներեւակայելի գեղեցիկ, շատ համեղ տորթն է»,- պատմել է Գարիկը:

Հայտնի երգիծաբանն անդրադարձել է նաեւ հումորի որակի փոփոխություններին:

«Ցանկացած ստեղծագործություն ճահճի է վերածվում, եթե տեղում կանգնած է: Այդ պատճառով մենք անընդհատ առաջ ենք շարժվում, փորձարկումներ ենք անում: Մեր ստեղծագործությունը փորձ է, մարտահրավերներ, որոնք ինքներս ենք մեզ առաջադրում, պատնեշներ, որոնք մենք ենք ստեղծում ու փորձում ենք հաղթահարել:

Եթե այսօր հաղորդումները համեմատենք 11-ամյա վաղեմության Comedy Club-ի հետ, սարսափելի փոփոխություններ կարող ենք տեսնել: Այն ժամանակ ուրախ հիմարություններ էին՝ թատերական տարրերով, ցինիկ ուրախ գործողություններով, ինչ-որ առումով՝ շատ աբսուրդ: Հիմա, իհարկե, Comedy Club-ում աբսուրդի տարրը հումորում պահպանվել է, բայց ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ եւ ժամանակակից ձեւով է արվում:

Սկզբում Comedy Club-ում էին Տաշ Սարգսյանը, Արտակ Գասպարյանը, Արթուր Ջանիբեկյանը, շատ այլ տաղանդավոր տղաներ: Նրանք ոչ միայն «Նոր հայերն» էին եւ ոչ միայն ՈՒՀԱ-ից. կային Գարիկ Խառլամովը, Պաշա Վոլյան, Սլավա Բլագոդարսկին՝ պիտերյան թիմից: Ես նրանց շարքում չէի: Նրանք հավաքվեցին եւ որոշեցին անդերգրաունդային, ինչ-որ առումով խուլիգանական, առանց որեւէ արգելքի ազատ շոու ստեղծել: Եվ առաջին երկու կամ երեք տարին Comedy Club-ը գործում էր ակումբային նախագծի տեսքով, ելույթ էր ունենում փոքր ակումբներում, որոնք հումորի հետ ոչ մի առնչություն չունեին: Դա հատուկ որոշում էր: Հիմնական խնդիրը հյուրերին զվարճացնելն էր՝ անկախ նրանց տրամադրությունից:

Մեզ մոտ բազմաշերտ հասարակություն էր հավաքվում՝ միլիարդատերերից եւ ընկերներից մինչեւ այնպիսի լեգենդար պրոֆեսիոնալներ, ինչպիսին Ալեքսանդր Աբդուլովն է: Չեմ ուզում բոլորին թվարկել: Եվ մենք փորձում էինք բոլորին ծիծաղեցնել՝ չտրվելով հանդիսատեսի ճաշակին, ձգտում էինք, որ դա նաեւ մեզ հետաքրքիր լինի: Դա իսկական ստեղծագործական պրոցես էր»,- հիշել է Գարիկ Մարտիրոսյանը:



© NEWS.am STYLE