Գիտեմ, թե ինչպիսի շոու եմ ուզում ներկայացնել «Եվրատեսիլ»-ին. Իջինը` «Դեպի եվրատեսիլի» եւ Քիմ Քարդաշյանի հետ համեմատությունների մասին

12:05   8 դեկտեմբերի, 2016

Մոսկվաբնակ երգչուհի Իջինը «Դեպի եվրատեսիլի» իր առաջին իսկ ելույթից հետո գրավեց ոչ միայն նախագծի ժյուրիին, այլեւ բազմաթիվ հեռուստադիտողների:

Փուլ առ փուլ երգչուհին ներկայացավ ինքնատիպ ելույթներով` հայտնվելով նախագծի ֆինալիստների շարքում: Նրան հայ հեռուստադիտողը, նույնիսկ, սկսեց համեմատել Քիմ Քարդաշյանի հետ: Ի՞նչ է ինքը` Իջինը կարծում նման համեմատությունների մասին եւ ի՞նչ ակնկալիքներ ունի մրցույթին մասնակցությունից: Այս ամենի մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

-Իջին, հատուկ «Դեպի եվրատեսիլ»-ին մասնակցելու համա՞ր եք Մոսկվայից եկել Երեւան:

-Ապրում եմ Մոսկվայում, բայց շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա մասնակցելու Առաջին ալիքի ‹‹Դեպի եվրատեսիլ›› նախագծին: Բացի այդ, սա նաեւ շատ լավ հնարավորություն էր գտնվելու իմ հայրենիքում:

-Հայկոյի թիմում եք. հե՞շտ է նրա հետ աշխատելը:

-Այո, Հայկոյի հետ հեշտ է աշխատել: Նա աջակցում է իմ բոլոր գաղափարներին եւ ոգեւորում իր վստահությամբ իմ հանդեպ:

-Ի՞նչ եք սովորել նրանից:

-Շատ բան: Այս կարճ ժամանակահատվածում կարողացա ծանոթանալ Հայկոյի ստեղծագործական փորձին, ինձ համար կարեւոր բաներ քաղել:

-Ձեզ հաճախ համեմատում են Քիմ Քարդաշանի հետ. ինչպե՞ս եք վերաբերվում այդ համեմատություններին:

-Այո, (ծիծաղում է), նաեւ համեմատում են Նիկոլ Շերզինգերի եւ Սալմա Հայեքի հետ: Ընդհանրապես հաճախ է պատահում, երբ նոր արտիստներին համեմատում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիների հետ: Ինձ իրականում միայն հաճելի է, երբ նմանեցնում են աշխարհի գեղեցկուհիներին:

-Շատերն էլ Ձեր հաջողությունները սկսեցին վերագրել Ձեր արտաքին գեղեցկությանը. հե՞շտ է լինել հմայիչ երգչուհի:

-Հաճելի է համարվել գեղեցիկ, թեեւ պետք է նշել, որ շոու-բիզնեսում հեշտ ճանապարհ չկա: Միակ միջոցը աշխատասեր լինելն ու սեփական ուժերին վստահելն է: Նաեւ պետք է այնքան ուժեղ լինել, որպեսզի երբեւեէ որեւէ մեկին թույլ չտաս, որ կոտրի երազանքներդ: Միայն այդ դեպքում դու հաջողություն կունենաս:

-Մինչ այս նախագծին մասնակցելը, երբեւէ մտածե՞լ էիք Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու մասին:

-Մինչ նախագծի մասին տեղեկանալը, չեմ մտածել այդ մասին: Ես աշխատում էի իմ ձայնասկավառակի վրա ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Շատ պատահական տեղեկացա այս նախագծի մասին ու իմ մեջ ցանկություն առաջացավ փորձել իմ ուժերը, քանի որ գիտեմ, թե ինչպիսի շոու եմ ուզում ներկայացնել «Եվրատեսիլ»-ին:

-Երբվանի՞ց եք երգում: Այլ մրցույթների մասնակցե՞լ եք:

-Երգում եմ 13 տարեկանից: Շատ մրցույթների եմ մասնակցել ու գրավել մրցանակային տեղեր: Ամենամեծ հաջողությունս ԱՄՆ-ում էր, որտեղ կատարողական արվեստի միջազգային մրցույթում արժանացա 2 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մրցանակների եւ ճանաչվեցի իմ տարիքային խմբի հաղթող: Այն ժամանակ 16 տարեկան էի:

-Դուք համարվում եք նախագծի ֆավորիտներից մեկը. Ի՞նչ եք կարծում, ո՞վ է Ձեր ամենաուժեղ մրցակիցը:

-Բոլոր մասնակիցները շատ տաղանդավոր են: Յուրաքանչյուրը հետաքրքիր է իր ինքնատիպությամբ: Ով էլ, որ հաղթի, իսկապես ուրախ կլինեմ ու հաջողություն կմաղթեմ նրան:

-Ըստ Ձեզ` ի՞նչ է պետք արտիստին «Եվրատեսլիում» հաջողության հասնելու համար:

-Շատ կարեւոր է երգի ճիշտ ընտրությունը, հետաքրքիր շոուն, տպավորիչ ելույթը, բեմական արտիստիզմը:

-Ձեր մեջ տեսնո՞ւմ եք այդ հատկանիշները:

-Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց կարծում եմ, որ կարող եմ մասնակիցը լինել: Կանեմ ամեն բան, որ իմ հայրենի երկրի պատիվը բարձր պահեմ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE