«Գահերի խաղը», «Աստղային պատերազմները» եւ այլն՝ Twitter-ի վարկածով տարվա ամենաճանաչված ֆիլմերն ու սերիալները

16:22   8 դեկտեմբերի, 2016

Տարեվերջը ժամանակ է, երբ տարատեսակ վարկանիշներ են կազմվում: Երեկ Twitter-ը ներկայացրել է ռեթվիթների վարկանիշը, իսկ այսօր՝ 2016 թվականի ամենաճանաչված ֆիլմերի եւ սերիալների ցանկը:

Ըստ Variety-ի՝ ֆիլմերի ցանկում առաջատարն «Աստղային պատերազմները» ֆիլմաշարն է: Երկրորդ տեղը գրավել է «Ինքնասպանների ջոկատը», երրորդը՝ «Դեդփուլը», չորրորդը՝ «Հարրի Փոթերը» («Ֆանտաստիկ արարածները եւ որտեղ են նրանք բնակվում»): Սրանց հաջորդում են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի», «Առաջին վրիժառուն 3. Դիմակայություն». «Դորիի որոնումները», «Փրկվածը», «Ուրվականների որսորդները» ժապավենները:

Հեռուստաշոուների շարքում առաջատարը «Գահերի խաղը» հայտնի սերիալն է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Քայլող մեռյալները», երրորդը՝ «Կրքի անատոմիան»:

Հեռուստաշոուների տասնյակում ներառվել են նաեւ «Արեւի ժառանգները», MasterChef Brasil-ը, «Նարնջագույն. սեզոնի հիթը», «Շատ տարօրինակ գործերը», «Կայսրությունը», «Ձայնը» եւ Big Brother Brasil-ը:

Ամենաճանաչված աստղը Քեթի Փերին է (94.5 մլն բաժանորդ), ամենաճանաչված մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը:



© NEWS.am STYLE