Հայաստան այցելելու 7 պատճառ

16:35   9 դեկտեմբերի, 2016

Նման վերնագրով հոդվածների թիվը վերջին երկու տարիներին համացանցում ավելացել է: Պատճառը մեր երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացումն է: Համացանցում նման եւս մեկ նյութ գտանք, որը մեզ շատ դուր եկավ, եւ շտապում ենք այն ներկայացնել ձեր ուշադրությանը: Եվ այսպես՝ Հայաստանի յոթ վայրեր՝ tuda-suda.net բլոգի ներկայացմամբ:

1. Հոգում հանգստություն գտնելու եւ երկրի հոգեւոր կենտրոն այցելելու համար

Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել, եւ ամենուր կարող եք հնագույն եւ ժամանակակից տաճարներ տեսնել: Կրոնը հայերի կյանքում կարեւոր տեղ ունի, եւ յուրաքանչյուր երկրորդ մարդը խորհուրդ կտա այցելել հայ կաթողիկոսի նստավայր Էջմիածին, Տաթեւի վանք, Նորավանք, Գեղարդ եւ այլ: Ամեն անգամ որեւէ տաճար մտնելով՝ մենք այնտեղ հիմնականում տեղացիների էինք տեսնում, որոնք գալիս են հարսանիքի, մկրտության եւ այլ արարողությունների: Վանքերը ոչ այնքան զբոսաշրջության օբյեկտներ, որքան ժողովրդի առօրյա կյանքի մաս են:

2. Արարատը տեսնելու համար

Հայերի համար Արարատը ոչ միայն լեռ է, այլեւ երկրի խորհրդանիշը, նրա հոգին, որը ճակատագրի քմահաճույքով թուրքական տարածքում է հայտնվել: Հավանաբար գիտեք, որ այս լեռը բազմաթիվ գաղտնիքներ է պարունակում: Արարատը շատ լավ տեսանելի է Երեւանից, հատկապես՝ վաղ առավոտյան, Կասկադից: Այնտեղ բարձրանալով՝ կտեսնեք, թե ինչպես են արեւի ճառագայթները հպվում լեռան լանջերին եւ սկսում լուսավորել քաղաքը: Ավելի հրաշալի տեսարան է բացվում Խոր Վիրապի վանքից:

3. Աշխարհի ամենաերկար ճոպանուղին նստելու համար

«Տաթեւեր» ճոպանուղին Որոտանի կիրճի վրայով տանում է դեպի նույնուն վանքը: Նստեք խցիկում եւ պարզապես վայելեք ձեր շուրջը բացվող գեղեցկությունը: Ճոպանուղին շուրջ 300 մետր բարձրության վրա է, այնպես որ, եթե վախենում եք բարձրությունից, լուրջ փորձություն կլինի ձեր նյարդերի համար:

Վանք նույնպես արժե այցելել, ուր կարելի է հասնել նաեւ մեքենայով, ոլորապտույտ խճապատ ճանապարհով: Տաթեւ ուղեւորության համար գոնե երկու օր տրամադրեք, քանի որ հեռու է, իսկ ճանապարհին բազմաթիվ այլ վայրեր կարող եք այցելել:

4. Դուդուկի հայրենիքում այն լսելու համար

Դուդուկը հայկական ազգային երաժշտական գործիք է, որը պատրաստվում է ծիրանենու փայտից: Այն կախարդող փափուկ եւ փոքր-ինչ տխուր հնչողություն ունի, որը թափանցում է մինչեւ հոգու խորքը:

Ջիվան Գասպարյանն այս գործիքին համաշխարհային հռչակ բերեց, նա դուդուկ նվագելու անկրկնելի վարպետ է: Պարզապես լսեք այդ երաժշտությունը. այն հրաշալի փոխանցում է հայ ժողովրդի բնույթն ու հոգին:

5. Երեկոյան Երեւանով զբոսնելու համար

Մայիսից սեպտեմբերի Երեւանում ցերեկը շոգ եւ չոր եղանակ է, պարզապես անհնար է քայլել փողոցում: Այդ պատճառով բոլորը նստած են գրասենյակներում, տներում կամ որեւէ տեղ ստվերում:

Փոխարենը երեկոյան քաղաքը նոր ուժ է ստանում. մարդիկ դուրս են գալիս զբոսնելու, հանդիպում ընկերներին եւ ծանոթներին, վերջին լուրերն իմանում: Երեւանյան այդպիսի ավանդույթ է: Ամենաշատը մարդիկ զբոսնում են Օպերային թատրոնի մոտակայքում, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, Մաշտոցի պողոտայում:

Դուք նույնպես զբոսնեք երեկոյան եւ գիշերային Երեւանի փողոցներով, նստեք բացօթյա սրճարաններից մեկում կամ երգող շատրվանների մոտ:

6. Հայկական ծովում լողալու համար

Շատ հայեր Սեւանա լիճը ծով են ասում, եւ այն իսկապես հանգստավայր է, իսկական փրկություն Երեւանի եւ շրջակայքի ամռան տապից: Մաքուր եւ թափանցիկ ջուրը հարուստ է իշխանով եւ խեցգետնով, որոնք հենց տեղում՝ ափին վաճառում են ծիծաղելի գնով: Այցելեք Սեւանավանք, եւ եթե ժամանակ ունեք, նաեւ Հայրիվանք, Նորատուսի հնագույն գերեզմանատուն:

7. Հայկական «Սթոունհենջում» լինելու համար

Զորաց քարերը կամ Քարահունջը գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտ: Այն հնագույն համալիր է՝ մարդու հասակով բազմաթիվ քարերով: Ոչ ոք չի կարող նշել այս համալիրի հստակ տարիքը, ինչպես նաեւ այն, թե ինչի համար է այն նախատեսված եղել: Քարահունջը լավ վայր է՝ ինքդ քեզ հետ առանձնանալու համար:



© NEWS.am STYLE