Քիմը, Քորթնին եւ Քլոեն հաշտվել են իրենց եղբոր ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ

17:08   9 դեկտեմբերի, 2016

Այս պատմությունը, կարծես, չի ավարտվի այնքան ժամանակ, մինչեւ Բլեք Չայնան չամուսնանա Ռոբ Քարդաշյանի հետ եւ կվերցնի նրա ազգանունը: Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:

Օրերս Բլեք Չայնան ցանկացել է Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, սակայն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա, քանի որ  Քիմը, Քլոեն եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնք նրանց կօգնեն Չայնային արգելել Քարդաշյան ազգանունը բիզնես-նպատակներով օգտագործել: Քույրերը փաստաթղթերում նշել են, որ Չայնայի կողմից այդ ազգանվան օգտագործումը կվնասի իրենց վարկանիշին եւ բիզնեսին: Ըստ փաստաթղթերի՝ Քարդաշյան քույրերը պնդում են, որ Չայնան ուզում է իրենց ճանաչվածությունն օգտագործել՝ գումար վաստակելու նպատակով:

Ըստ TMZ-ի՝ Քիմը, Քլոեն ու Քորթնին կապվել են Չայնայի հետ եւ հերքել հայտարարությունները՝ նշելով, որ դրանք արել են իրենց փաստաբանները, որոնք նման դեպքերում օրենքի տառին են հետեւում: Ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեները, անձամբ է զանգել Չայնային եւ վստահեցրել, որ ոչ մի խնդիր չկա, որ ոչնչից աղմուկ են բարձրացրել փաստաբանները: Քարդաշյանների գերդաստանը նրան ոչինչ չի արգելի եւ հետ կչեղարկի փաստաթղթերը:

Այս ամենից հետո ամենահետաքրքիրն այն է, որ մինչեւ հիմա Բլեքը պաշտոնապես Քարդաշյան ազգանունը բիզնես-նպատակներով օգտագործելու թույլտվություն չի ստացել:

Պատմությունն ակնհայտորեն շարունակություն է ունենալու...



© NEWS.am STYLE