Պատրաստի սնունդ եւ դիետա

16:33   6 փետրվարի, 2017

Մենք հաճախ այնքան ենք զբաղված լինում, որ ստիպված ենք արագ սնունդ, կիսաֆաբրիկատներ եւ պատրաստի սնունդ ուտել: Բազմաթիվ զբաղված մարդիկ ուտելիք չեն պատրաստում, այդ պատճառով դիետայի հետեւելու հետ կապված դժվարություններ են ունենում: Արդյո՞ք արագ պատրաստվող դիետիկ սնունդ գոյություն ունի: Անշուշտ:

Եթե կալորիաներ եք հաշվում, ապա կալորիականության նշումով պատրաստի սնունդը թույլ կտա վստահ լինել, որ օրվա չափաբաժնին համապատասխան բավարար չափով կալորիաներ են օգտագործել: Եթե օրական կարող եք 1500 կկալ օգտագործել, ապա մեկ անգամ սնվելիս պետք է 500 կկալ օգտագործեք: Հետեւելով այս թվին՝ կարող եք ուտել՝ ինչ ուզեք: Սակայն մեծ քանակությամբ ճարպեր եւ քիչ բանջարեղեն պարունակող ուտեստները պետք է քիչ լինեն:

Պատրաստի բանջարեղեն նույնպես վաճառվում է. լվացված եւ կտրատած հազար, կաղամբ, պահածոյացված ոլոռ եւ այլն: Սառեցված բանջարեղենային խառնուրդները պետք է միայն խաշել կամ շոգեխաշել: 350 կկալ պարունակող պատրաստի ուտեստների հետ կարող եք մի կտոր հաց, թարմ լոլիկ կամ վարունգ եւ որեւէ միրգ ուտել:

Ընդունված է համարել, որ բուտերբրոդները դիետիկ չեն: Իհարկե, եթե մեծ հացը երկու մասի բաժանեք, լցնեք երշիկով, պանրով ու մայոնեզով, կարող եք գերազանցել կալորիաների, ճարպերի եւ ածխաջրերի օրական նորման: Սակայն կարելի է նաեւ միանգամայն դիետիկ բուտերբրոդ պատրաստել: Օրինակ՝ կարելի է հացի բարակ կտորով եւ անյուղ սոուսով ու հավի կամ հնդկահավի կրծքամսով բուտերբրոդ պատրաստել: Կարող եք այս ամենին ավելացնել նաեւ հազարի տերեւ, սոխ, ձիթապտուղ, լոլիկ կամ ցանկացած այլ բանջարեղեն: Հավի կամ հնդկահավի կրծքամսի փոխարեն կարող եք նաեւ մի կտոր տնական պանիր կամ խաշած ձու օգտագործել:

Լավ ելք կարող է լինել պատրաստի մսային ուտեստը՝ տանը պատրաստված խավարտի եւ բանջարեղենի համադրությամբ: Այսօր բազմաթիվ սուպերմարկետներում արդեն կտրատված, մարինացված, համեմված միս են առաջարկում: Պարզապես հարկավոր է այն թավայի մեջ դնել: Ոչ մեծ կտոր միսը շատ կալորիաներ չի պարունակում: Բայց փորձեք հաշվարկել ճարպերի պարունակությունը:

Եթե նախընտրում եք փողոցում վաճառվող սնունդը՝ պատրաստի համբուրգերներ, չեբուրեկի կամ շաուրմա, ապա ավելի դժվար կլինի ընտրություն կատարել, քանի որ դրանք բարձր կալորիականություն ունեն: Եվ հազիվ թե վաճառողը կարողանա նշել կալորիաների քանակը: Այդ դեպքում կարող եք պարզապես մոտակա խանութից չորացրած ձուկ կամ չորահաց գնել: Իսկ եթե, ամեն դեպքում, ստիպված եք մոտակա արագ սննդի կետում ուտել, ապա փոքր չափաբաժին ընտրեք, նաեւ աղանդեր, կալորիաներով հարուստ ըմպելիք եւ տապակած կարտոֆիլ մի գնեք:

Ամեն դեպքում հաճախակի եւ փոքր չափաբաժնով ուտելով՝ կարող եք խուսափել շատ ուտելուց եւ ավելորդ քաշ հավաքելուց:

 

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE