Բլեք Չայնայի մայրն ընդդեմ Քարդաշյանների գերդաստանի. «Ես նրանց հում-հում կուտեմ»

16:42   10 դեկտեմբերի, 2016

«Գրողը տանի, միայն դու էիր պակաս» շարքից: Ո՞վ է այս կինը, ի՞նչ է նրան պետք կյանքից: Հիշո՞ւմ եք, վերջին օրերին Քարդաշյան-Ջեներ գերդաստանը զբաղված էր Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնայի հետ խնդիրները լուծելով, որը ցանկացել էր Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, բայց, հավանաբար, չի կարողանա, քանի որ Քիմը, Քլոեն եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնք կարող են Չայնային արգելել Քարդաշյան ազգանունն օգտագործել բիզնես-նպատակներով:

Կողմերի փաստաբաններն արդեն հայտարարությամբ են հանդես եկել, իսկ Քիմը, Քորթնին եւ Քլոեն Չայնային վստահեցրել են, որ սիրում են նրան եւ խաղաղությամբ կլուծեն խնդիրը (իհարկե, դեռ չեն չեղարկել փաստաթղթերը):

Եվ ահա իր ծանրակշիռ, բայց ակնհայտորեն ոչ ոքի չհետաքրքրող խոսքն է որոշել ասել Չայնայի մայրը՝ Տոկիո Թոնին (իսկական անունը՝ Շալանա Ջոնս-Հանթեր. գլխավոր լուսանկարում՝ դստեր եւ Քրիս Ջեների կողքին): Իր Instagram -ում Չայնայի լուսանկարը հրապարակելով՝ մերկապարուհու մայրը հայտարարել է, որ դստերը պաշտպանելու է Քարդաշյանների գերդաստանի հարձակումներից:

«Չայնան արժանի է հարգանքի: Նա Դրիմ Ռենեի մայրն է, որը Քարդաշյան ազգանունն է կրում՝ անկախ այն հանգամանքից, Բլեքն ամուսնացա՞ծ է Ռոբի հետ, թե՞ ոչ: Ռեալիթի շոուից եւ գովազդից ստացված փողերը բոլորին էլ բավարար են: Ես նրա մայրն եմ եւ ամեն հարցում պաշտպանում եմ նրան: Մի նեղացրեք իմ դստերը: Ես նրանց հում-հում կուտեմ»,- հայտարարել է Տոկիո Թոնին:



© NEWS.am STYLE