Հայուհին Բոլիվուդից. Թուրքիայում աշխատելուց հրաժարված մոդել Ալյոնա Թադեւոսյանը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

12:08   6 հունվարի, 2017

23-ամյա մոդել Ալյոնա Թադեւոսյանը երկար տարիներ չէ մոդելային ասպարեզում, սակայն աղջիկն արդեն արտերկրում աշխատելու հրավերներ է ստանում։ Ալյոնան մոտ երկու ամիս աշխատանքային հրավերով գտնվում էր Հնդկաստանում, որտեղ համագործակցել է հնդիկ հայտնի դիզայներների հետ։

ՀՆդկաստանում աշխատելու եւ այլ թեմաների մասին երիտասարդ մոդելը պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում։

-Ալյոնա, որտեղի՞ց եւ ինչպե՞ս սկսվեց քո մոդելային կարիերան։

-Որպես պրոֆեսիոնալ մոդել՝ սկսել եմ աշխատել «Ատեքս» նորաձեւության դպրոցում սովորելու ժամանակ։ Սակայն մինչ այդ էլ ունեցել եմ նկարահանվելու առաջարկներ եւ սիրով ընդունել եմ դրանք։

-Երկու ամիս աշխատել ես Հնդկաստանում։ Կպատմե՞ս՝ ինչպես ստացար այնտեղ մեկնելու առաջարկ։

-Բրազիլիայում գործող մոդելային գործակալություններից մեկի հետ կնքեցի պայմանագիր։ Նրանք ինձ ներկայացրեցին աշխատանքային երկու առաջարկ՝ մեկը Թուրքիայում, մյուսը՝ Հնդկաստանում։ Թուրքիայի հետ մերժեցի պայմանագիր ստորագրել եւ մեկնեցի Հնդկաստան։

-Ո՞ր դիզայներների եւ ի՞նչ բրենդների հետ ես համագործակցել Հնդկաստանում։

-Հնդկաստանում աշխատել եմ երկու ամիս։ Համագործակցել եմ այնտեղի դիզայներներ Մանիշ Մալհոտրայի, Սաբյասաչիի եւ ուրիշնեփրի հետ։ Մեծ մասամբ նկարահանվում էի օնլայն կատալոգների համար։ Աշխատել եմ նաեւ Myntra եւ Amazon կատալոգների համար։

-Ինչո՞վ է յուրահատուկ հնդկական նորաձեւությունը։

-Նրանց մոտ գերակշռում են էթնիկ հագուստներն ու շքեղ զարդերը, որոնք շատ են տարբերվում այլ երկրների զգեստներից։ Տարբերությունը մեծ է, եթե նաեւ համեմատենք Հայաստանի հետ։

-Հնարավո՞ր է՝ հետագայում մշտական բնակության մեկնես Հնդկաստան։

-Աշխատանքի բերումով հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ գնամ այնտեղ, բայց դեռեւս Հնդկաստանում մշտական բնակության ծրագրեր չունեմ։

-Հայ դիզայներների հետ աշխատո՞ւմ ես։

-Վերադառնալուց հետո մասնակցել եմ իմ շատ սիրելի դիզայներ Մանուկ Ալեքսանյանի ցուցադրությանը։ Ի դեպ, նշեմ, որ անցած տարի էլ առաջին անգամ հենց նրա ցուցադրությանն եմ մասնակցել։ Ուզում են շնորհակալություն հայտնել Մանուկին՝ ինձ ոգեշնչելու եւ թեւեր տալու համար։

-Արտերկրում աշխատելու նոր առաջարկներ ունե՞ս։

-Այո, աշխատանքային հրավեր եմ ստացել Նյու Յորքի լավագույն մոդելային գործակալություններից մեկի կողմից։ Մոտ ժամանակներս մեկնելու եմ այնտեղ։

Սյունե Առաքելյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան

Նկարահանումն իրականացվել է Մեգերյան Կարպետում



© NEWS.am STYLE