Հասմիկ Շիրոյանը` «Դեպի Եվրատեսիլի», Իվետայի որոշման եւ Անի Լորակի հետ աշխատելու մասին

12:01   14 դեկտեմբերի, 2016

Հաշված օրերից արդեն պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում: Սակայն մինչ այդ հայ հեռուստադիտողը շարունակում է հետեւել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների թեժ պայքարին:

Այս նախագծի շնորհիվ սիրվեցին շատ արտիստներ, նույնիսկ, նրանք, որոնք այս պահին այլեւս չեն շարունակում պայքարը մրցույթում: Նրանց թվում է նաեւ գեղեցկուհի Հասմիկ Շիրոյանը, որին հեռուստադիտողը կհիշի նաեւ ուկրաինական «Ձայնը» նախագծից, որտեղ նա հանդես էր գալիս Անի Լորակի թիմում:

Ինչպե՞ս Հասմիկը որոշեց մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, ի՞նչ է կարծում Իվետա Մուկուչյանի ընտրության մասին եւ արդյոք շարունակո՞ւմ է համագործակցել Անի Լորակի հետ:

Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխնները ստացանք հենց Հասմիկից:

«Նախագծին մասնակցելու հրավերը լսումների փուլից մի քանի օր առաջ եմ ստացել: Շատ ժամանակ չունեի մտածելու համար: Որոշեցի թողնել Կիեւում իմ ունեցածն ու գալ Հայաստան` նախագծին մասնակցելու նպատակով»,-ասում է Հասմիկը, որը նախկինում առանձնապես հետաքրքրված չի եղել «Եվրատեսիլ»-ով:

«Երեւի վերջին տարիներին եմ սկսել հետեւել այս մրցույթին, երբ արդեն ինքս սկսեցի մասնակցել մեծամասշտաբ եւ միջազգային նախագծերին: Այն ինձ համար միշտ մշուշոտ է եղել` եւ տեսել եմ ինձ այնտեղ, եւ, միեւնույն ժամանակ, չեմ տեսել: Բայց այդ բեմը գրավելը կարելի է համեմատել մի մեծ բարձրունք գրավելու հետ: Զգում եմ` ամեն ինչ դեռ առջեւում է»:

Հասմիկի խոսքով` ինքն իզուր չէր եկել Հայաստան եւ միանշանակ հաղթելու ցանկությունը մեծ էր, սակայն երգչուհին առավել գնահատում է այն սերը, որը զգացել է հայ հեռուստադիտողի կողմից.

«Իմ երկրպագուները, նույնիսկ, միավորվել եւ հարցում էին ստեղծել` խնդրելով, որ ինձ վերադարձնեն նախագիծ: Մինչեւ հիմա ինձ շատերն են ոգեւորում: Ես շատ շնորհակալ եմ նաեւ այնպիսի ազդեցիկ մարդկանց, ինչպիսիք են` Հ.Ա. Դեր Հովան եւ Թամար Կապրելյանը, որոնք ինձ շատ են աջակցում: Այս ամեն ինչը հաշվի առնելով` ժյուրիի ընտրությունն ինձ չի հիասթափեցնում: Իվետան միջազգային մակարդակի երգչուհի է: Նա սիրված է շատերի` այդ թվում նաեւ իմ կողմից: Այնպես որ` եթե նա որոշել է ինձ չընտրել եզրափակչի համար, ուրեմն այդպես է ճիշտ համարել: Ես իրավունք չունեմ քննարկել նրա որոշումը: Ես, պարզապես, շատ շնորհակալ եմ նրան` թե փորձի, թե շփման համար»,-ասում է երգչուհին, որն, ի դեպ, արդեն մեկնել է Հայաստանից.

«Հայաստանից մեկնել եմ նախագծից դուրս մնալուց մոտ մեկ ամիս հետո: Հիմա կրկին ապրում եւ աշխատում եմ Կիեւում: Ինչպես նախկինում` հիմա էլ երաժշտությամբ եմ զբաղվում: Գրում եմ երգեր, համագործակցում եմ շատ տաղանդավոր մարդկանց հետ»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ արդյոք այժմ կապ պահո՞ւմ է իր մարզչի` Անի Լորակի հետ.

«Ցավոք սրտի` ոչ: Շոուից հետո ես գնացի իմ ճանապարհով: Անի Լորակը շատ պրոֆեսիոնալ անձնավորություն է, հուսով եմ` կյանքի  բերումով դեռ կհանդիպենք»,-պատասխանեց նա:

Հասմիկը խոստովանում է` «Դեպի Եվրատեսիլ»-ի լսումների ժամանակ շատ տաղանդավոր երգիչների հետ է ծանոթացել.

«Անգիտակցաբար բոլորին սկսում էի համեմատել «Ձայնը» նախագծի մասնակիցների հետ: Հայերն ինձ զարմացրեցին իրենց ձգտող տեսակով: Շատերը եկել էին աշխարհի տարբեր ծայրերից` հույս ունենալով, որ, միգուցե, հենց իրենք կներկայացնեն Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթում: Շատերին եմ համարում արժանի մրցակիցներ ու ամեն անգամ համոզվում եմ` դիտելով նրանց ելույթների եթերային տարբերակները: Բայց սա երաժշտական մրցույթ է եւ, բնականաբար, ես ունեմ իմ ֆավորիտը, սակայն նրա անունն առայժմ չեմ ցանկանում բարձրաձայնել: Խոստանում եմ` եթե նա հաղթի, սիրով կշնորհավորեմ նրան սոցիալական կայքերի միջոցովSmile»:

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն եւ կրկին ուժերը «Եվրատեսիլ»-ի համար փորձելուն` Հասմիկը նշեց.

«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ես մի փոքր անկանխատեսելի մարդ եմ: Երբեմն գլխումս ծրագրեր եմ մշակում, իսկ կյանքի բերումով այլ բաներ եմ անում: Այնպես որ` կանխատեսումներ չեմ կարող անել, բայց մի բան հստակ է`միշտ սիրով պատրաստ եմ վերադառնալ հայրենիք»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE