Ձվածեղ լոլիկի մեջ կամ «պայծառ ձմեռային նախաճաշ». բաղադրատոմս NEWS.am STYLE-ից

18:04   18 դեկտեմբերի, 2016

Կարող է թվալ, որ ձվածեղը սովորական նախաճաշ է, բայց հենց դրանով ենք սկսում մեր օրը: Իսկ ձմռանը բոլորս վառ գույների կարիք ենք զգում, եւ լոլիկի մեջ ձվածեղը կարող է պայծառ երանգներով լցնել ձմեռային գորշ օրը:

Լոլիկի մեջ ձվածեղի համար մեզ անհրաժեշտ են.

2 խոշոր լոլիկ;

2 փոքր ձու;

30 գրամ պանիր;

2 փոքր կտոր կարագ;

1 թ/գ արեւածաղկի ձեթ;

Աղ եւ պղպեղ:

Կտրում ենք լոլիկի վերին հատվածը, դանակի եւ թեյի գդալի օգնությամբ դուրս բերում միջուկը:

Հարկավոր է զգուշորեն դա անել՝ լոլիկը չվնասելու համար, հակառակ դեպքում ստիպված կլինեք լոլիկն աղցանի համար օգտագործել, իսկ ձվածեղի համար այլ լոլիկ վերցնել:

Եթե, ամեն դեպքում, լոլիկը վնասել եք եւ չեք ուզում նորն օգտագործել, կարող եք այն փայլաթիթեղով փաթաթել եւ այդպես եփել:

Լոլիկների մեջ մեկական փոքր կտոր կարագ եւ կտրատված պանիր դրեք:

Մի քիչ պանիր թողեք՝ վերջում ավելացնելու համար: Լոլիկների մեջ մեկական ձու դրեք, ավելացրեք աղ, պղպեղ եւ դրեք ջեռոցը: Տարայի մեջ ես ավելացրեցի նաեւ լոլիկի միջուկը, մի քիչ պանիր եւ արեւածաղկի ձեթ: 15-20 րոպե եփեք 220-230 С ջերմաստիճանով:

Բարի ախորժակ...

 

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE