Վահե Ալեքսանյանը` «Դեպի Եվրատեսիլի», Իվետայի եւ մրցույթում մնացած մասնակիցների մասին

13:01   16 դեկտեմբերի, 2016

«Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծի շնորհիվ շատ երիտասարդ կատարողներ բացահայտվեցին եւ սիրվեցին հեռուստադիտողի կողմից: Իվետա Մուկուչյանի խմբում հայտնված Վահե Ալեքսանյանը եւս բացառություն չէր: Մինչ այս նախագիծը` Վահեն իր ուժեն արդեն փորձել էր մի շարք երաժշտական մրցույթներում, սակայն այս ամիսների ընթացքում նրա երկրպագուհիների բանակը զգալիորեն մեծացավ:

Երգչին, սակայն, չհաջողվեց անցնել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլ:

«Եվրատեսիլի», իր ակնկալիքների, Իվետայի հետ համագործակցության եւ մի շարք այլ թեմաների շուրջ Վահեն զրուցել է NEWS.am STYLE-ի հետ.

«Facebook-ում տեսա մրցույթի մասին հայտարարություն եւ դա ինձ հետաքրքրեց: Սիրելով եվրատեսիլյան ֆորմատը` որոշեցի իմ մասնակցությունն ունենալ այդ նախագծում»,-նշեց երգիչը, որն իր իսկ խոսքով` շատ բաներ է հասցրել քաղել Իվետա Մուկուչյանից.

«Իվետան հիասքանչ մարդ է, լավ ընկեր: Նա երկար ճանապարհ անցած արտիստ է, որն այդ ընթացքում սովորել եւ վերցրել է այն ամենը, ինչը նաեւ փոխանցեց ինձ: Վստահ եմ` այս փորձը կօգնի ինձ իմ հետագա քայլերում»:

Վահեից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ զգացողություններ ունեցավ, երբ այդքան մոտ լինելով հաղթանակին` չկարողացավ ստանալ ուղեգիր դեպի երկրորդ կիսաեզրափակիչ փուլ.

«Այդ հարցի պատասխանը, կարծում եմ, բոլորս գիտենք, չնայած մեկնաբանում ենք յուրովի»,-ասում է երգիչը` հավելելով, որ ուրախ կլինի մրցույթում մնացած յուրաքանյուր մասնակցի հաղթանակի դեպքում.

«Կարծում եմ` նրանք միմյանց չեն զիջում եւ բոլորն էլ հավասար շանսեր ունեն հաղթելու»,-ընդգծեց նա:

Վահեն այլեւս չի շարունակում պայքարը «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, սակայն երիտասարդ երգչի երաժշտական նվաճումները չեն սահմանափակվում միայն այդ մրցույթով.

«Շատ շուտով կներկայանամ մի նորությամբ: Այժմ աշխատում ենք դրա շուրջ»:

Ինչ վերաբերում է կրկին «Եվրատեսիլի» համար ուժերը փորձելուն` երգիչը նշում է.

«Մրցոււթային առումով այլեւս չեմ փորձի իմ ուժերը…»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE