Ինչպիսի՞ դիմահարդարմամբ դիմավորել Ամանորի գիշերը (ֆոտո, տեսանյութ)

12:08   28 դեկտեմբերի, 2016

Մոտենում է Ամանորը։ Տոնական սեղանից եւ զարդարված եղեւնուց զատ՝ կանանց եւ աղջիկներին հետաքրքրում է, թե ինչ պետք է հագնեն եւ ինչպես պետք է դիմահարդարվեն Ամանորի կախարդական գիշերը։

Տոնական դիմահարդարման խորհուրդներով մեզ հետ կիսվեց դիմահարդար Պայծառ Իսաղուլյանը, որը հատուկ NEWS.am STYLE-ի ընթերցողների համար հենց տեղում ցուցադրեց ամանորյա դիմահարդարման մի վառ օրինակ․

«Ամանորյա դիմահարդարումը պետք է լինի տոնական՝ փայլերով հագեցած, բայց այն չպետք է լինի շատ մուգ երանգների մեջ։ Դիմահարդարումը պետք է համապատասխանեցնել այն հագուստի գույների հետ, որը պատրաստվում եք կրել այդ օրը, իսկ երանգի հարցում իդեալական կլինի ոսկեգույնի գերակշռությունը»,-նշեց Պայծառը՝ հավելելով, որ չնայած ամեն տարի նոր թրենդներ են հայտնվում՝ կարմիր շրթներկը չի պատրաստվում զիջել իր դիրքերը՝ շարունակելով մնալ ամանորյա դիմահարդարման հիմնական թրենդը։

«Ներկայացված դիմահարդարման մեջ փորձել եմ ստանալ մեղմ, բայց տոնական կերպար։ Օգտագործել եմ ոսկեգույն երանգի փայլուն ստվերաներկ։ Քանի որ սեզոնի թրենդներից է համարվում մուգ կանաչը, աչքերի ներքեւի հատվածն ընդգծել ենք հենց այդ երանգի մատիտով։ Դիմահարդարումն ամբողջացրել ենք տոնական կարմիր շրթներկով»։

Ձեր ուշադրությանն ենք առաջարկում այս դիմահարդարման տեսանյութը։ Հուսով ենք՝ այն ձեզ կօգնի ստանալ գեղեցիկ եւ վառ կերպար, որով էլ կդիմավորեք տարվա ամենակախարդական գիշերը։

Սյունե Առաքելյան

Նկարահանումներն իրականացվել են «Տաթեւ» գեղեցկության սրահում



© NEWS.am STYLE