Յոգան օգնում է նկարահանման ժամանակ հուզմունքս հասցնեմ նվազագույնի. Լիլիթ Հարոյանը՝ NEWS.am STYLE-ի «ճկուն» ֆոտոշարքում

12:08   4 հունվարի, 2017

Քչերին է հայտնի, որ «Ֆուլ հաուս» եւ «Change» սիթքոմներից հայտնի դերասանուհի Լիլիթ Հարոյանը զբաղվում է նաեւ յոգայով եւ ունի յոգայի միջազգային մարզչի կոչում: NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքում դերասանուհին ցուցադրեց յոգայի ամենաբարդ դիրքերից մի քանիսը եւ կիսվեց մեզ հետ իր փորձով: 

Լիլիթ, երբվանի՞ց յոգան սկսեց հետաքրքրել քեզ:

Դեռեւս տարիներ առաջ ինձ համար շատ կարեւոր մարդիկ խորհուրդ էին տալիս զբաղվել յոգայով: Լսում էի նրանց, բայց չէի գործում: Սակայն մոտավորապես 4 տարի առաջ մի դեպք պատահեց ինձ հետ, որը ճակատագրական եղավ ինձ համար: Հասկացա, որ պետք է զբաղվեմ յոգայով: Այդ օրվանից սկսած յոգան դարձավ իմ, իսկ ես նրա անբաժանելի մասնիկը: Ինձ միշտ հետաքրքրել է ավելին իմանալ մարդու, կյանքի ու դրա իմաստի մասին, ահա թե ինչու եմ ընտրել հոգեբանի մասնագիտությունը: Թերեւս, այն միակ գիտությունը, որը տվել է բոլոր հարցերիս պատասխանները, յոգան է:

Ասում են՝ յոգան հաճախ փոխում է մարդու բնավորությունն ու վերաբերմունքը այս կամ այն երեւույթի նկատմամբ: Քո մեջ զգացե՞լ ես փոփոխություններ:

Յոգան օգնում է ներքին լուրջ աշխատանք տանել ինքներս մեզ հետ, ազատվել մանկուց ստեղծված կարծրատիպերից, սովորություններից, կախվածություններից ու կապվածություններից: Յոգայով զբաղվելով՝ մենք փոխում ենք մեր վերաբերմուքը երեւույթների նկատմամբ`դառնալով ավելի ներդաշնակ, էներգիայով լի եւ կենսուրախ: Զզացողությունների պատճառը միտքն է: Յոգայի օգնությամբ մենք կարողանում ենք կառավարել ոչ միայն մեր մարմինը, այլեւ մտքերն ու էմոցիաները: Այժմ ես դարձել եմ ավելի ներդաշնակ, առողջ, երջանիկ, էներգիայով եւ երախտագիտությամբ լեցուն:

Նկատեցի, որ որոշ դիրքեր պահանջում են ճկուն մկաններ: Սպորտով զբաղվե՞լ ես, թե այդ ամենին կրկին հասել ես յոգայի շնորհիվ:

Ի դեպ, այդ դիրքերը յոգայի մեջ կոչվում են ասանաներ: Որեւէ սպորտով խորապես չեմ զբաղվել: Մարմինս մանկուց ճկուն է եղել, բայց յոգայի շնորհիվ ավելի է կատարելագործվել: Ուրախալի է նաեւ այն փաստը, որ յոգան ֆիզիկական դիրքերի առումով անսահմանափակ է եւ անընդհատ աճելու տեղ ես ունենում:

Գիտեմ նաեւ, որ ինքդ էլ յոգայի մարզիչ ես...

Ունեմ յոգայի միջազգային մարզչի կոչում: Ինքս ինձ ուսուցիչ անվանելիս մի փոքր ամաչում եմSmileՈւնեմ յոգայով զբաղվելու փորձ եւ շատ ուրախ եմ, որ այդ փորձով կարող եմ կիսվել ուրիշների հետ: Ինքս գերադասում եմ մնալ աշակերտ եւ միշտ սովորել: Իմ սաներին տված առաջին խորհուրդս հետեւյալն է` եթե երբեւէ համեմատելու ես քեզ ինչ-որ մեկի հետ, ապա միայն ինքդ քո: Պետք է կարողանալ լինել պահի մեջ եւ չթողնել, որ մտքերն անընդհատ տանեն մեզ անցյալ կամ ապագա: Պետք է անընդհատ կարողանանք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունենք:

Համամի՞տ ես այն մտքի հետ, որ ներշնչանքի միջոցով կարելի է հասնել ամեն ինչի, նույնիսկ բուժել ամենաբարդ հիվանդությունները:

Յոգայի ֆիզիկական ասպեկտը կարգավորում է բոլոր էներգետիկ հոսքերը մարմին, ապահովում է լավ նյութափոխանակություն, արյան լավ շրջանառություն, առողջ ռեգենարացիա, տալիս է մարմնին ճկունություն, բալանս, առողջ մեջք ու նյարդային համակարգ, նաեւ գեղեցիկ ու ձիգ կեցվածք: Միանշանակ, համամիտ եմ այն մտքի հետ, որ ներշնչանքով կարելի է բուժել ոչ միայն ծանր հիվանդությունները, այլեւ փոխել կյանքը:

Որքա՞ն հաճախ է թույլատրվում զբաղվել յոգայով: Արդյոք կա՞ն սահմանափակումներ:

Կոնկրետ ոչ մի սահմանափակում չկա: Ես միշտ ասում եմ` մարդ պետք է  կարողանա լսել իր օրգանիզմին: Այն անհատական է...Յոգան սովորեցնում է մեզ ավելի լավ ճանաչել մեր մարմինը, ուստի զգալ, թե ինչ հաճախականությամբ կարելի է անել ֆիզիկական դիրքերը: Յոգան ապրելաոճ է:

Լավ, անցնենք հեռուստատեսությանը... այս պահին ի՞նչ նորությունների շուրջ ես աշխատում:

Այս պահին նկարահանվում եմ «Change» սիթքոմում: Ի դեպ, նաեւ հեռուստատեսությունից առաջարկ ունեմ հենց յոգայի հետ կապված:

Յոգայով զբաղվելը օգնո՞ւմ է հեռուստատեսության աշխատանքի մեջ:

Յոգան օգնում է, որ հատուկ շնչառական վարժությունների շնորհիվ հուզմունքս հասցնեմ նվազագույնի, շուտ չհոգնեմ, կարողանամ ավելի լավ կենտրոնանալ: Նկարահանման դադարների ժամանակ, երբեմն յոգայի դիրքեր եմ ընդունում (ծիծաղում է):

Ի դեպ, հիմնական կրթությանս զուգահեռ սովորել եմ նաեւ Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում: Այնպես որ` գուցե ինձ կրկին տեսնեք հաղորդավարուհու կարգավիճակում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տ.Պ.

Նկարահանումն իրականացվել է «Լույս» յոգա ստուդիայում



© NEWS.am STYLE