Ուզում եմ մայրանալ. Շպռօտի ակնկալիքները Ձմեռ պապից եւ մաղթանքը հայերին

12:02   19 դեկտեմբերի, 2016

Ամերիկաբնակ հայ հայտնի երգչուհի Շպռօտը միշտ տարբերվել է իր մատուցած երաժշտությամբ եւ էպատաժային կերպարներով: Վերջերս երգչուհին ներկայացրեց «Կտրիճ Դավո» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակ, որն իրարանցում առաջացրեց հայ հանդիսատեսի եւ օգտատերերի շրջանում: Այս երգի միջոցով Շպռօտը ոչ միայն տեւական դադարից հետո վերադարձավ երգարվեստ, այլեւ կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: NEWS.am STYLE-ն արդեն խոսել է տեսահոլովակի եւ 37-ամյա երգչուհու համարձակ կերպարի մասին, իսկ հիմա փորձել ենք պարզել Շպռօտի սպասելիքներն ու ակնկալիքները Ձմեռ պապից եւ 2017–ից, ինչպես նաեւ իմացել նրա ամանորյա մաղթանքը բոլոր հայերին:

Արդեն վեց տարի է բնակվում եք ԱՄՆ-ում։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ երկրում։

Հետաքրքիր երկիր է, եթե ընդունես երկրի սիստեմը: Եթե փորձես ապրել ինչպես հայրենիքում ես ապրել, դժբախտ կլինես: Ամեն ինչ չափվում է փողով: Տաքարյուն և էմոցիանալ մարդկանց այստեղ չեն հարգում:

Ի՞նչ է փոխվել Ձեր ստեղծագործական կյանքում ԱՄՆ տեղափոխվելուց հետո։

Այստեղ կյանքը հանգիստ է: Փորձում են մարդուն միշտ զբաղված պահել, որ բունտ չանի: Ես էլ իմ բնույթով բունտար եմ: Ինձ համար այստեղ շատ ձանձրալի է: Ասելիք չկա: Որպես արտիստ մեռնում ես այստեղ: Հայաստանում կարիքը շատ էր: Իսկ երբ կա կարիք, արվեստը միշտ աճում է: Արտիստն ասելիք ունի, երբ նրան լսող կա: Այստեղ մարդիկ կուշտ են և չեն զարմանում: Իսկ Հայաստանում ծարավը մեծ է, այդ պատճառով աշխատելու մեջ ազարտ կա:

Ի՞նչը Ձեզ ամենաշատը ոգևորեց «Կտրիճ Դավո» տեսահոլովակը թողարկելուց հետո։

Ինձ միշտ ոգևորում է իմ Հայաստանի լսարանը: Նրանց ռեակցիան շատ անկեղծ է: Նրանց սերն ու ատելությունը շատ անկեղծ է: Ես սիրում եմ աշխատել Հայաստանի լսարանի համար: ԱՄՆ–ում հայկական լսարանը մի տեսակ փախած է, անկյանք: Վաղուց աշխատանք չէի ներկայացրել, քանի որ ուղեղս ուրիշ կենցաղային հարցերով էր զբաղված: «Կտրիճ Դավոն» թարմություն ավելացրեց իմ ամերիկյան կյանքին: Վերհիշեցի անցած օրերս: Կարոտել էի այս վիճակին:

Անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ ունեք։

Միայն կարող եմ ասել, որ շատ ուզում եմ մայրանալ:

Ե՞րբ եք մտադիր Հայաստան վերադառնալ, եւ ի՞նչ եք անելու առաջին հերթին վերադառնալուց հետո։

Հուսով եմ՝ շուտով կգամ: Առաջինը գնալու եմ տուն և փաթաթվեմ մամայիս և քույրիկիս, հետո չգիտեմ:

Ձմեռ պապից ի՞նչ նվեր եք ուզել այս տարվա համար: 

Ոչինչ չեմ ուզել: Ես ինքս որոշել եմ՝ լավ կլիներ, որ մյուս տարի զավակիս գրկեի:

Ի՞նչ կմաղթեք հայերին:

Ես իմ շատ սիրելի հայրենակիցներին մաղթում եմ խաղաղ կյանք, աշխատանք, շատ սիրո պատմություններ և բարի քաղաքական գործիչներ:

Լուսանկարներն՝ Instagram



© NEWS.am STYLE