«Մեծ Հայք» խմբի Նարեկը` «Քամի փչի 2» նախագծի, երգիչների ընտրության եւ խմբի մյուս անդամների բացակայության մասին

14:01   19 դեկտեմբերի, 2016

Կարծում ենք` չկա մի հայ երաժշտասեր, որը չհիշի ժամանակին մեծ ճանաչում վայելող «Քամի փչի» երգը, որը «Մեծ Հայք» խմբի կատարմամբ կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց հայտնիություն եւ դարձավ 2006 թ-ի գլխավոր հիթերից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` շուտով երգը նոր մատուցմամբ հասանելի կլինի երաժշտասերներին:

Սիրված երգը կհնչի հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների շուրթերով, որոնց թվում են` Արամեն, Գեւորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ mp3-ն, Գրիշա Աղախանյանը, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը եւ, իհարկե, «Մեծ Հայք» խմբի սիրված անդամներ Հրանտոն եւ Նարեկը: Ի դեպ., նախագծի հեղինակը հենց Նարեկն է: Ծրագրի մանրամասներով ռեփերը կիսվեց NEWS.am STYLE-ի հետ.

«Մտածեցի, որ այս երգը որքան մերն է, այնքան էլ բոլորինն է: Այն մարդկանց նոստալգիկ եւ հետաքրքիր հիշողություններ կփոխանցի: Սա արժանի ստեղծագործություն է, որպեսզի այն հշենք 10 տարի անց: Բացի այդ` այս տարի հոբելյանական կլոր տարեթիվ է շատերի կողմից սիրված այս երգի համար»,-նշում է ռեփերը` հավելեով, որ արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում են այս նախագծի շուրջ:

«Նախագիծը սկսեցի իրականացնել ամիսներ առաջ: Ձայնագրությունն իրականացրել ենք Play Back Production-ում: Այդ ընթացքում զբաղված էի նաեւ իմ համերգների աշխատանքներով: Բայց քանի որ հենց այս տարի է երգի ստեղծման 10-ամյակը լրանում, որոշեցի չհետաձգել եւ ավարտին հասցնել բոլոր աշխատանքները»:

Անդրադառնալով նախագծում ներառված երգիչների ընտրությանը` Նարեկը նշեց.

«Բոլորին տեղյակ եմ պահել այս նախագծի մասին եւ աշխատել ենք այն երգիչների հետ, որոնք ցանկություն են ունեցել ներառված լինել նախագծում: Խմբի անդամներից ներառված ենք ես եւ Հրանտը, բայց մյուս անդամներն էլ են տեղյակ եղել: Ֆելոն արդեն երկար տարիներ է` չի զբաղվում երաժշտությամբ, այնպես որ` շոու-բիզնեսի հետ կապ չունի: Սյուզին եւ Հայկն էլ էին տեղյակ այս ծրագրի մասին, բայց իրենց չպատկերացրեցին այստեղ»,-տեղեկացրեց Նարեկը` ավելացնելով, որ երգի գործիքավորման մեջ շատ փոփոխություններ չեն եղել, բայց բոլոր երգիչների առջեւ մեկ պայման է դրվել` երգել այնպես, ինչպես իրենք են զգում տվյալ ստեղծագործությունը:

Նարեկից հետաքրարվեցինք նաեւ` արդյոք մոտ ապագայում հնարավո՞ր է մշակվեն եւ նորովի ներկայացվեն նաեւ խմբի մյուս հիթային ստեղծագործությունները.

«Ընդհանրապես ստեղծագործող մարդու կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Սակայն այս ընթացքում զբաղված եմ նոր ալբոմիս եւ նոր երգերիս աշխատանքներով: Իսկ «Քամի փչի»-ն այն երգն էր, որին արժեր անդրադառնալ, քանի որ այն մեծ մասսայականություն էր վայելում երաժշտասերների շրջանում»,-ընդգծեց երգիչը:

«Քամի Փչի 2» տեսահոլովակը հասանելի կլինի դեկտեմբերի 21-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE