Miss Armenia Intercontinental-2016 Լիլիթ Մարտիրոսյանը՝ NEWS.am STYLE-ի «տաք» ֆոտոշարքում

12:08   3 հունվարի, 2017

Մոդել եւ գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանին, որն անցած տարի ներկայացրել է Հայաստանը Շրի Լանկայում տեղի ունեցած Miss Intercontinental-2016 գեղեցկության մրցույթում, NEWS.am STYLE-ը բազմիցս անդրադարձել է:

Այս անգամ որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել գեղեցկուհի մոդելին մեկ այլ տեսանկյունից՝ նրա հետ զրուցելով ոչ միայն մասնագիտական ձեռքբերումների, այլեւ այլ թեմաների շուրջ: Իսկ նման բացահայտումներ անելու լավագույն տարբերակն, իհարկե, բլից հարցումն էր:

Ի դեպ, մոդելը լուսանկարվել է նաեւ մեր արեւոտ ֆոտոշարքում, որը կարծում ենք՝ շատերիդ կտաքացնի այս ցուրտ ձմռան օրերինWink

-Լիլիթ, ո՞րն է եղել տարվա ամենամեծ ձեռքբերումդ...

-2016-ը  շատ լավ տարի էր եւ այն ինձ բերեց մի շարք ձեռքբերումներ, անակնկալներ, ճամփորդություններ, շատ ընկերներ, հաճելի էմոցիաներ, ժպիտներ եւ աշխատանքային բազում հաջողություններ: Տարվա մեծագույն ձեռքբերումս Miss Armenia Intercontinental-2016 տիտղոսին արժանանալն էր, որից հետո մեկնեցի Շրի Լանկա եւ մասնակցեցի համաշխարհային մեծ ճանաչում ունեցող Miss Intercontinental-2016 գեղեցկության մրցույթին: Այստեղ գրանցած բազում հաջողություններից զատ՝ ինձ նկատեց նաեւ մրցույթի գլխավոր հովանավորը՝ Biona մաշկի եւ մազերի խնամքի ընկերությունը, որն ամենամեծն է Շրի Լանկայում: Նրանք բոլոր մասնակիցների միջեւ մաշկի հետազոտություն կատարեցին, որի արդյունքում հաղթեցի ես եւ ինձ ճանաչեցին Miss Intercontinental Biona Beauty: Այս ամենին չէի կարող հասնել առանց իմ ընտանիքի օգնության, հատկապես, եղբայրս ինձ շատ է աջակցում: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Աշոտ Խաչատրյանին, որի շնորհիվ շատ հայ գեղեցկուհիներ միջազգային բեմերում Հայաստանը ներկայացնելու պատվի են արժանանում: Ի դեպ, 2017 թ-ին շատ արտառոց լուր ենք հայտնելու՝ կապված առաջիկա գերհզոր մրցույթի հետ: Այդ մասին բացառիկ կերպով կտեղեկացնենք NEWS.am STYLE-ին:

-Ի՞նչ է քեզ համար գեղեցկուհու տիտղոսը:

-Կասեմ կարճ՝ իմ երկրի գեղեցկուհու տիտղոսը կրելն ու տարբեր երկրներում հանդես գալն ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է:

-Որո՞նք են գեղեցկուհի լինելու դժվարությունները:

-Մեր կյանքում ամեն ինչ հեշտ ու դժվար դարձնում ենք ինքներս: Կապ չունի ոլորտը, յուրաքանչյուր մարդ ինքն է կառուցում իր կյանքն՝ իր մտքով եւ գիտակցությամբ: Երբ մարդը ներդաշնակ է իր մարմնի եւ հոգու հետ, կարող է շատ հեշտ ապրել ու վայելել Աստծո կողմից տրված ամենօրյա պարգեւները եւ, ի վերջո, միշտ փառք տալ Աստծուն, որ ապրում է...

-Եթե չլինեիր մոդել...

-Կլինեի մեծ թենիսի մարզուհի:

-Ո՞ր ճանաչված լուսանկարչի հետ ես երազում աշխատել:

-Ես ավելի վեհ երազանքներ ունեմ: Իրականում, ես երազկոտ մարդ չեմ: Սիրում եմ իմ առաջ դնել նպատակներ ու հասնել դրանց. ոչ թե երազել, այլ գործել:

Լուսանկարիչների հետ միշտ հաճելի է աշխատել, հատկապես, նրանց հետ, ովքեր կարողանում են ցույց տալ մարդու հոգին՝ շեշտը դնելով նրա աչքերի վրա: Այս պահին չկա որեւէ լուսանկարիչ, որին կարող եմ մատնանշել: Լուսանկարչությունն արվեստ է, որին քչերն են տիրապետում, իսկ ովքեր տիրապետում են, արժանանում են իմ մեծ հիացմունքին:

-Ո՞ր ամսագրի շապիկին կցանկանայիր տեսնել քո լուսանկարը:

-Vogue New York:

-Երբեք չես անի

-Երբեք չեմ ուրանա իմ սկզբունքները:

-Ինչպիսի՞ տղամարդու հետ կկապեիր կյանքդ:

-Բարդ հարց է… Երբ հանդիպեմ այն միակին ու հավատամ, որ իրոք սեր կա, կնկարագրեմ Նրա ինչպիսի լինելը: Հիմա քանի որ չկա ընտրյալ, կամ մեկը, որին սիրում եմ, չեմ կարող միայն պատկերացումներով նկարագրել, թե ում հետ կկապեի կյանքս: Դա կարծում եմ՝ անիմաստ ռոմանտիզմի դրսեւորում կլինի:

-Լիլիթ Մարտիրոսյանը՝ 10 տարի անց…

-10 տարի անց եւս չեմ դադարի լինել բեմի մարդ, արդեն ուրիշ բնագավառում: Խոսքը դերասանական արվեստի մասին է, քանի որ այն ինձ շատ է գրավում: Առաջ Աստված… ամեն ինչ շատ լավ է լինելու: Չէ՞ որ, լավատեսությունը միայն լավ իրադարձություններ է բերում մեր կյանք:

Նյութը՝ Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արման Ղարիբյանի

Դիզայներներ՝ Լիանա Սարգսյան/ElSi, Ջուլի Խանջյան

Դիմահարդար Քրիստինա Սիմոնյան

Գեղարվեստական ղեկավար՝ Սաքո Մկրտչյան

Նկարահանումն իրականացվել է Congress Hotel-ում

Հատուկ շնորհակալություն ՋոննիինSmile



© NEWS.am STYLE