Արդեն հաղթանակ է այն միտքը, որ միգուցե ես կարող եմ ներկայացնել մեր ազգը. Մարտան` «Եվրատեսիլ»-ի եւ իր սպասելիքների մասին

12:02   22 դեկտեմբերի, 2016

Հայաստանը շարունակում է փնտրել «Եվրատեսիլ-2017»-ի հայ դեսպանին: Այս տարի մեր ընտրությունը կայանում է «Դեպի Եվրատեսիլ» նախածի շրջանակներում, որն արդեն հասել է եզրափակիչ փուլին:

Մեր երկիրը Եվրոպայում ներկայացնելու համար պայքարում են երկու մասնակից, երկու ձայներ` Մարտան եւ Արծվիկը:

Եթե Արծվիկի համար մրցութային միջավայրը նորություն չէր, ապա Մարտայի կյանքում սա առաջին լուրջ մրցույթն էր, որտեղ երգչուհին հաղթահարեց բոլոր փուլերն ու այսօր եւս մեկ քայլով մոտ է «Եվրատեսիլին»:

Մրցակցության, մրցույթի եւ «Եվրատեսիլի» մասին զրուցել ենք Մարտայի հետ:

 

-Մարտա, մեր  նախորդ զրույցի ժամանակ նշել էիր, որ ընկերներիդ դրդմամբ ես մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, քանի որ ինքդ չես սիրում մրցույթների մասնակցել: Երբ առաջին քայլերդ էիր անում մրցույթում, սպասո՞ւմ էիր նման արդյունքի:

-Առաջին քայլը դա զուտ մասնակցելն էր, դրանից հետո արդեն ընթացք էր՝ ելույթ, պատրաստվել, զգեստ, պար, երգ, նոր ելույթ , նոր երգ... Այդ ժամանակ ես միայն աշխատում էի, չէի մտածում արդյունքի մասին։ Իսկ մինչեւ վերջին փուլ (գոնե) մնալը, այո, ինձ համար որոշել էի։

-Արդեն երկրորդ անգամ հեռուստադիտողն արժանացնում է քեզ առավելագույն ձայներին: Քեզ համար ո՞ւմ քվեարկությունն է ավելի կարեւոր՝ պրոֆեսիոնալ ժյուրիի՞, թե՞ հեռուտադիտողի:

-Եվ, եւ... Ամեն մի գնահատականը մի արժեք ունի, ուղղակի ժողովրդի գնահատականը ավելի դժվար բան է, չես կարող մարդկանց խաբել, նրանք զգում են կեղծը: Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ անգամ մեկ ձայն են տալիս, ինձ դրանով մեծ հույս են տալիս եւ պարտավորեցնում են։

-Երբ դեռ հայտնի չէին երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները, հետաքրքիր է՝ ո՞ւմ հետ էիր քեզ տեսնում եզրափակչում:

-Չեմ սիրում նման ինտրիգային հարցերSmile Ամեն մեկն էլ ուներ եզրափակիչ հասնելու իր արժանիքը:

Դեպի Եվրատեսիլի» երկու կիսաեզրափակիչներն արված էին «Եվրատեսիլի» ֆորմատով: Դա ինչ-որ լարվածություն կամ զգոնություն տալի՞ս էր քեզ:

-Իհարկե ոչ, ընդակառակը` հնարավորություն էր շատ մինի տարբերակով զգալու «Եվրատեսիլ»-ի շունչը։

-Նշել էիր նաեւ, որ երբեք չես երազել «Եվրատեսիլ»-ի մասին: Հիմա, երբ արդեն եզրափակչում ես, ի՞նչ ես զգումՔեզ պատկերացնո՞ւմ ես եվրոպական այդ մեծ բեմի վրա:

-Չեմ երեազել, որովհետև մեր երկրում շատ կան արժանի երգիչներ, որոնք դեռ չեն մեկնել այդ մեծ մրցույթ-տոնին մասնակցելու.... ես երբեք չէի մտածի կամ երազի նրանցից առաջ ընկնել, բայց եթե ստացվել է այսպես, ուրեմն հետ ճանապարհ չկա... Եթե ինձ բախտ վիճակվի, ուրեմն պետք է շատ աշխատեմ եւ շատ «պատրաստ» կերպով մեկնեմ։

-Եթե չանցնես դու, այլ Արծվիկը, հիասթափությունդ շա՞տ մեծ կլինի:

-Ես չանցնելու, նույնիսկ, անցնելու մասին չեմ մտածում, ես պատրաստվում եմ ելույթիս...Բացի այդ` եթե անգամ չանցնեմ, արդեն  հաղթանակ է ոչ թե մասնակցությունը, այլ իմ` եզրափակչում լինելն ու այն միտքը, որ, միգուցե, ես կարող եմ ներկայացնել մեր ազգը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE