Ջոնի Դեփը փաստաբաններին 1 միլիոն դոլար է պարտք. դերասանն Էմբեր Հերդից 100 հազար է պահանջում

12:36   23 դեկտեմբերի, 2016

Այս տարի ամուսնալուծությամբ մեզ «ուրախացրին» նաեւ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը, որոնց հետեւեցին Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը: Հոլիվուդյան առաջնակարգ աստղերն այս տարի միայն վիճում ու բաժանվում են: Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը կես տարվա ընթացքում, կարծես, կարողացել էին նորմալ համաձայնության հասնել ապահարզանի հարցում: Սակայն, ըստ People-ի, 53-ամյա դերասանը դատի է տվել ապագայում նախկին կնոջը, քանի որ փոխհատուցում է պահանջում փաստաբանների ծախսերի համար իր վնասի մի մասը:

Ի դեպ, Դեփի գլխավոր փաստաբանը Լորա Վասերն է՝ հոլիվուդյան ապահարզանների գծով հայտնի մասնագետ: Հիմա նա նաեւ Ջոլիին օգնում է խաղալ Փիթի նյարդերի ու փողերի հետ:

Դեփն իրավաբաններին շուրջ մեկ միլիոն դոլար է պարտք, որից 100 հազարը նա անպետք ծախսեր է համարում եւ որոշել է դրանց բեռը գցել 30-ամյա դերասանուհու ուսերին (հենց այդքան է Դեփը ծախսել Էմբերի նախաձեռնությամբ անցկացված վերջին դատաքննության համար):

Քանի որ հենց Հերդն է պնդել վերջին դատալսման հարցում, Դեփը կարծում է, որ նա էլ պետք է վճարի ծախսերը:

«Դեփը որոշել է, որ եթե Հերդը չվճարի, ապա նա այդ գումարը կհանի ապահարզանի պայմաններով Էմբերին վճարվելիք ընդհանուր գումարից: Հերդը, որը «չմտածված» քայլեր է կատարում, լուրջ վնաս է հասցրել Դեփի վարկանիշին, այս ամենը նրան զայրացնում է»,- հաղորդել է պարբերականի ներքին աղբյուրը:

Դերասանների ապահարզանի գործով դատական նիստը կայանալու է 2017 թվականի հունվարի 13-ին:



© NEWS.am STYLE