Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Միշոն, Ավո Խալաթյանը՝ Հրաչ Քեշիշյանի եւ Արշալույս Հարությունյանի ֆիլմերում

15:33   23 դեկտեմբերի, 2016

Տեսահոլովակներ, երաժշտական նախագծեր, գովազդային հոլովակներ, համերգային ծրագրեր եւ, իհարկե, կինոարտադրություն: «Շարմ Հոլդինգ»-ն այսօր նշում է գործունեության 25-ամյակը, ինչի առթիվ մեկնարկեց «Ես իմ անուշ Հայաստանի» նախագիծը, որի շրջանակներում այսօր ցուցադրվեցին Հրաչ Քեշիշյանի «Հայրը» եւ Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» ֆիլմերը։

«Այս 25 տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել։ Մեր գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի ֆիլմարտադրությունը։ Այսօր մի նախագիծ ենք իրականացնում Ռուբեն Դիշդիշյանի հետ միասին՝ մի գեղարվեստական ֆիլմ, որը բաղկացած է 6 նովելներից, որոնց միջոցով 6 տարբեր ռեժիսորներ իրենց մոտեցումն են ցուցաբերել մեր հայրենիքին։ Այս նովելների շարքը անվանել ենք «Ես իմ անուշ Հայաստանի»։ Ամեն նովելի հիմքում ընկած են իրարից տարբեր պատմություններ»,-նշեց «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը՝ հավելելով, որ այս շարքը նվիրված է բոլորիս՝ թե մեր հայրենիքին, թե հայրենակիցներին, թե Անկախության 25-ամյակին, թե «Շարմ Հոլդինգի» տոնին։

Նախագծի շրջանակներում ցուցադրված ֆիլմերից յուրաքանչյուրի տեւողությունը 15 րոպե էր։

Եթե «Հայրը» ֆիլմը հուզեց հանդիսատեսին իր դրամատիկ պատմությամբ, ապա «Մեղրամիս»-ը ռոմանտիկ տրամադրություն ստեղծեց կինոսրահում՝ մի ամբողջ Փարիզ բերելով Հայաստան։

«Կարծում եմ՝ սա շատ հետաքրքիր նախագիծ է, որը հանդիսատեսին դուր կգա։ Այս ֆիլմը ես համարում եմ գունավոր։ Այն շատ նման է մեր կյանքին՝ հակասություններով, ռոմանտիկայով, ներվով լի։ Ֆիլմում, նույնիսկ չարության մեջ կա բարություն»,-նշեց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը։

Ներկայացված երկու ֆիլմերում էլ հանդես են եկել սիրված եւ ճանաչված դերասաններ։ «Հայրը» ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Խորեն Լեւոնյանը, Ժան Նշանյանը եւ Շաքե Թուխմանյանը, իսկ «Մեղրամսում» կարող եք տեսնել Սոս Ջանիբեկյանին, Միշոյին, Արման Մարգարյանին, Ավո Խալաթյանին եւ Անի Պետրոսյանին։

«Ես իմ անուշ Հայաստանի» շրջանակներում նկարահանված մյուս 4 ֆիլմերը կցուցադրվեն 2017 թ-ին, սակայն «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրենը դժվարացավ նշել կոնկրետ ժամկետներ։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE