«Եվրատեսիլ»-ում Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիկը՝ Հայաստան կատարած իր այցի եւ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցների մասին

20:05   23 դեկտեմբերի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Եվրատեսիլ-2017»-ին Կիպրոսը կներկայացնի ազգությամբ հայ երգիչ Հովիկ Դեմիրճյանը (Հովիգ): Երեկ ուշ երեկոյան Հովիգը ժամանել է Հայաստան: NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց է ունեցել երգչի հետ՝ «Եվրատեսիլի», Հայաստան կատարած իր այցի, «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ֆինալիստների եւ այլ թեմաների շուրջ.

-Հովիգ, սա քո առաջի՞ն այցն է Հայաստան:

-Այո, առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Երկար չեմ մնալու Հայաստանում, բայց վստահ եմ՝ լավ օրեր եմ անցկացնելու այստեղ:

-Դեռ երեւի չես հասցրել շրջել քաղաքով…

-Այս ընթացքում միայն սառույցն եմ հասցրել տեսնել, բայց, նույնիսկ, դա է ինձ հարազատ: Կիպրոսում ձյուն չկա, ինձ համար շատ գեղեցիկ է այս տեսարանը: Իմ հայրենիքն ինձ համար հրաշալի է: Շատ ջերմ ու բարի մարդիկ են այստեղ ապրում: Ինձ շատ լավ են ընդունում բոլորը:

-Ինչպե՞ս է ստացվել, որ ընտանիքով բնակվում եք Կիպրոսում:

-Մայրս Կիպրոսում է ծնվել, հայրս սիրիահայ է, բայց նա էլ վաղուց Կիպրոսում է ապրում: Ես Կիպրոսում եմ ծնվել, բայց ինձ լիովին հայ եմ զգում եւ շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանում եմ:

-Հայաստանի մասին պատկերացումներդ արդարացա՞ն:

-Ես հենց այսպես էլ պատկերացնում էի Հայաստանը, որ այն շատ լավն է, բայց հիմա, երբ այտեղ եմ, կարծում եմ՝ այն, նույնիսկ, իմ պատկերացրածից ավելի հիասքանչ է:

-Դատելով քո հայերենից` կարելի է ենթադրել, որ տանը հայերեն եք խոսում:

-Այո, մենք միշտ փորձել ենք պահել ոչ միայն մեր լեզուն, այլեւ մեր հայկական սովորույթները: Իմ ընտանիքի եւ ինձ համար հայ լինելը շատ կարեւոր փաստ է: Կիպրոսում հայկական դպրոց եմ հաճախել, շատ բարեկամներ ունենք այնտեղ: Միմյանց հետ հայերեն ենք խոսում, այնպես որ՝ պատահական չէ, որ պահպանել եմ հայերենս: Հայերեն խոսում եմ, գրում եմ, երգում եմ: Սիրում եմ մեր մշակույթը եւ փորձում եմ այն ճանաչելի դարձնել Հայաստանից դուրս:

-Լավ, անդրադառնանք «Եվրատեսիլ»-ին: Մի քանի անգամ արդեն փորձել ես ներկայացնել Կիպրոսն այս մրցույթում:

-Երկու տարի մրցույթի շրջանակներում էի փորձում ուժերս: Իսկ այս տարի առանց որեւէ մրցույթի որոշվեց, որ ես պետք է ներկայացնեմ Կիպրոսը «Եվրատեսիլ»-ին: Հպարտ եմ այս փաստի համար, քանի որ զգում եմ, որ աշխատանքս գնահատվել է:

-Իսկ ինչպե՞ս են Կիպրոսում վերաբերվում այն փաստին, որ ազգությամբ հայ երգիչ է ներկայացնելու իրենց երկիրը:

-Մենք հայերս Կիպրոսում օտար չենք համարվում:  Մենք միշտ շփում ունենք նրանց հետ: Այնպես որ՝ կարծում եմ՝ նրանք ոչ մի տարբերություն չեն դնում իմ եւ կիպրոսցի երգիչների միջեւ:

-Հայաստանն այս տարվա իր մասնակցին ընտրելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակներում: Հետեւո՞ւմ ես այս ծրագրի ընթացքին:

-Այո, բավականին ծանոթ եմ այս նախագծին: Կարծում եմ՝ լավ որակի երգիչներ են մասնակիցները: Շատ լավ երգիչների եմ լսել այս տարի: Դատելով եզրափակչում հայտնված երկու մասնակիցների ունակություններից՝ Հայաստանն այս տարի պիտի որ շատ լավ ելույթ ունենա «Եվրատեսիլ»-ում:

-Այնուամենայնիվ, Մարտա՞, թե՞ Արծվիկ...

-Կարծում եմ՝ թե Մարտան, թե Արծվիկն ունեն իրենց ուրույն ոճը, յուրաքանչյուրն իր ոճի մեջ յուրահատուկ է: Չեմ կարող ասել, թե նրանցից ում կտայի իմ նախապատվությունը: Ով էլ, որ ընտրվի, վստահ եմ, որ շատ լավ կներկայացնի Հայաստանը մրցույթում:

-Հովիգ, դեռ որոշված չէ, թե որ երգով ես ներկայացնելու Կիպրոսը «Եվրատեսիլ»-ում: Քեզ ի՞նչ ոճի ստեղծագործության մեջ ես պատկերացնում:

-Երգս ընտրված չէ, բայց արդեն գիտենք, թե ով է գրելու այն: Խոսքը շվեդ հեղինակ Թոմաս Գ. Սոնի մասին է: Նա նաեւ հեղինակել է Լորինի «Euphoria» երգը: Թոմասը շատ տաղանդավոր մարդ է, որն ամեն արտիստի համար գրում է իրեն հարմար երգ: Այնպես որ՝ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ երգս պատրաաստ կլինի: Հուսով եմ՝ մինչեւ փետրվար արդեն կլսենք այն: Ինչ վերաբերում է ոճին՝ ինձ համար առավել կարեւոր է այն պատմությունը, որը կլինի տվյալ երգի հիմքում: Շատ կարեւոր է, որ այն ներկայացնի իմ էությունը:

-Ի՞նչ է պետք արտիստին՝ «Եվրատեսիլ»-ում հաջողության հասնելու համար:

-Շատ աշխատանք պետք է տանես ինքդ քո վրա եւ լավ երգ, վոկալ ու շոու ներկայացնես: Այստեղ կարեւոր են թե շոուն, թե երգը, թե երգիչը:

-Այս տարիների ընթացքում «Եվրատեսիլի» հայ մասնակիցներից ո՞վ է, հատկապես, քեզ տպավորել:

-Չեմ կարող ասել, թե ով է եղել իմ ֆավորիտը, բայց ամեն տարի հայ երգիչները շատ լավ են ներկայացել մրցույթում: Հիշում եմ, երբ առաջին անգամ Անդրեն ներկայացրեց Հայաստանը, ինձ տպավորել է՝ նաեւ Սիրուշոյի ելույթը, անցած տարի Իվետան հրաշալի ելույթ ունեցավ: Բայց չեմ կարող նշել, թե ում կառանձնացնեի:

-Հովիգ, որքա՞ն ժամանակ ես մնալու Հայաստանում: Ի՞նչ ծրագրեր ես այտեղ իրականացնելու:

-Երկար չեմ կարող այստեղ մնալ, բայց վստահ եմ, որ մի օր վերադառնալու եմ: Հուսով եմ՝ երբ երգս պատրաստ լինի, կրկին կգամ եւ կներկայացնեմ այն այստեղ:  Իսկ վաղն ինձ կարող եք տեսնել եւ լսել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակներում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE