Մաքսիմ Գալկինի հայերեն շնորհավորանքը, հայ փոքրիկների փայլուն կատարումները՝ «Лучше Всех»-ի ամանորյա թողարկմանը

21:28   25 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 25-ին կայացավ վերջին շրջանում ամենահայտնի, ամենասիրված նախագծերից մեկի՝ ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Лучше Всех» հաղորդման ամանորյա թողարկումը: Եվ ինչպես միշտ, շոուն ստացված էր, իսկ բարձր տրամադրությունը, տաղանդավոր փոքրիկների ժպիտն ու ուրախությունը՝ ապահովված:

Ամանորյա թողարկմանը հրավիրված էին այս եթերաշրջանում հեռուստադիտողներին զարմացրած բոլոր երեխաները, որոնց թվում էին նաեւ Շեքսպիր ասմունքած, տարբեր լեզուներ տիրապետող Ալեքսանդր Բեյլերյանը, փոքրիկ արքայադուստր Սոֆյա Բաղդասարյանն ու քանոնի փոքրիկ վարպետ Մերի Մուսինյանը:

Մերին եւ Գալկինը զրուցել են Ամանորին մատուցվող հայկական ավանդական ուտեստների մասին: Մաքսիմը հետաքրքրվել է, թե ինչ են հայերը դնում տոնական սեղանին, իսկ զրույցի վերջում՝ խնդրել Մերիին սովորեցնել իրեն, թե ինչպես կարելի է հայերեն շնորհավորել Նոր տարվա առիթով:

Այնուհետեւ Մերին իր հրաշագործ քանոնով Jukebox Trio-ի տղաների ընկերակցությամբ կատարել է Բոբի ՄաքՖերիի «Don't Worry Be Happy» երգը:

Ամանորյա շոուի ընթացքում 6-ամյա Ալեքսանդրը կրկին ցուցադրել է ասմունքելու իր տաղանդը՝ Վալենտին Գաֆտի եւ այլ մանուկների հետ ներկայացնելով Իոսիֆ Բրոդսկու «Откуда К Нам Пришла Зима» ստեղծագործությունը:

Սակայն բացի ասմունքելուց Ալեքսանդրը, որի մեծ ճանաչման մասին Գալկինը «սադրիչ» հարցեր էր տալիս, ելույթ է ունեցել շոուի գալա համերգին՝ երգելով Ֆրենկ Սինատրայի կատարմամբ հայտնի «Strangers In The Night» երգը (դիտել 1ժամ 46-րդ րոպեից):

Նշենք, որ բոլոր երեխաներն էլ պարզապես հիասքանչ էին եւ առաջարկում ենք դիտել ամբողջ շոուն:



© NEWS.am STYLE