Անցած երկու տարիներն ինձ համար դժվար էին, բայց Երեւանն ինձ օգնեց. Վահե Թիլբյանն անկեղծանում է (ֆոտո)

13:08   5 հունվարի, 2017

«Genealogy» խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ին ներկայացրած Վահե Թիլբյանը 2016-ին, բավականին, հագեցած այցով էր ժամանել Երեւան: Երգիչը օրերս է մեկնել Եթովպիա՝ Ամանորն ընտանիքի հետ դիմավորելու համար: Սակայն մինչ այդ՝ NEWS.am STYLE-ը ներկա է եղել Վահեի եւ Ռենայի ակումբային համերգներից մեկին եւ ֆիքսել ամենահետաքրքիր կադրերը:

Վահեի հետ նաեւ զրուցել ենք իր երեւանյան այցի մանրամասներից եւ Ռենայի հետ համագործակցությունից.

«Ռենային հանդիպեցի այն ժամանակ, երբ Երեւանում ակումբային աշխատանք էի փնտրում: Մեզ ծանոթացրել են ընդհանուր ընկերները: Այդ ժամանակվանից էլ սկսվեց մեր համագործակցությունը: Մենք հիմնեցինք «Extensions Acoustically» խումբը: Խմբի կազմում են նաեւ կիթարահար Րաֆֆի Քանթարջյանը, սաքսոֆոնահար Դավիթ Ալեքս Սիսթին, իսկ հետագայում մեզ միացավ քանոնահար Մար Մարհարյան»,-ասում է Վահեն:

«Այս ամենից մեծ հաճույք եմ ստանում: Այս ընթացքում մենք դադար ենք վերցրել, քանի որ ոչ ես, ոչ էլ Ռենան այստեղ չենք: Ամանորի տոներից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր գործունեւթյունը»:

Երգիչի խոսքով՝ Երեւանում ինքն իրեն ավելի հարմարավետ է զգում.

«Անցած երկու տարիներն ինձ համար դժվար էին, բայց Երեւանն ինձ օգնեց: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Բայց որպես երաժիշտ՝ ես պատրաստ եմ ելույթ ունենալ այնտեղ, որտեղ ինձ երաժշտությունը կտանի: Ես ապավինում եմ միայն Աստծուն»:

Երգչի համար թանկ են իր երկու հարազատ վայրերը՝ Երեւանն ու Եթովպիան.

«Երբ Երեւանում եմ, կաոտում եմ ընտանիքիս, ընկերներիս, այնտեղի սնունդը, երբեմ, նաեւ եղանակը: Իսկ երբ այնտեղ եմ, կարոտում եմ երեւանյան էներգիան, հայկական ամեն ինչ, փողոցային զբոսանքները: Այստեղի զբոսանքներն, իսկապես, վերականգնում են ուժերս»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE