Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը տանը, ռեստորանում եւ ընկերական շրջապատում. դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի խորհուրդը (ֆոտո)

12:08   27 դեկտեմբերի, 2016

Կրկին Ամանոր ու կրկին սպասված հարց` ի՞նչ հագնել տարվա ամենակախարդական գիշերը դիմավորելիս: Ամեն տարի այս հարցը հուզում է հազարավոր կանանց: Մենք էլ փորձեցինք պատասխանել հայուհիներին տանջող հարցին եւ զրուցեցինք երիտասարդ դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի հետ, որն աչքի է ընկնում իր յուրօրինակ եւ նուրբ ճաշակով.

«Որքան էլ որ մեզանից յուրաքանչյուրը ունենա ձեւավորված նախասիրություններ, մոտեցումներ, նախընտրելի գույներ հագուստի հարցում, միեւնույն է մենք, անգամ ենթագիտակցորեն, ձգտում ենք հետեւել թրենդներին:  Հատկապես, երբ խոսքը կարեւորագույն առիթներին լավագույնս ներկայանալու մասին է: Իսկ ինչպես ասում են` տարվա գլխավոր երեկոն ավելին քան առիթ է՝ մանրամասնությամբ պատրաստվելու եւ  երանելի տեսքով ներկայանալու համար»,-համոզված է դիզայները, որը խորհուրդ է տալիս հագնվել միջավայրին համապատասխան.

«Եթե Ամանորի գիշերը դիմավորելու եք ռեստորանում, ապա  միանշանակ պետք է ներկայանալ վառ, առանձնացող եւ  շատ շքեղ տեսքով: Խրախուսելի է երկար զգեստը, կամ շքեղ գործվածքից կամբինիզոնը, որը պետք է շատ համապատասխան լինի ձեր մարմնի կառուցվածքին:

Հաճոյախոսությոնները Ձեզ կուղեկցեն ողջ երեկոյի ընթացքում, եթե ընտրեք նաեւ միջին երկարության (ծնկներից ավելի քան 15 սմ երկար) զգեստ, կամ կիսաշրջազգեստի  ու բլուզի համադրություն:

Խուսափեք կարճ ու մարմինը խիստ ընդգծող զգեստներից: Եթե նույնիսկ շատ եք ուզում կարճ զգետով լինել այդ երեկո, ապա գոնե ընտրեք թույլ ձեւվածքներ, նույնիսկ ձեր չափսերից մեծ տարբերակով (oversize):

Համեմատաբար ավելի փոքրիկ ընկերական կամ ընտանեկան խնջույքի դեպքում ընտրեք թեթև կոկտելային, հարմարավետ, ոչ այդքան պարտադրող լուծումներ:

Եթե Ամանորը որոշել եք դիմավորել տանը` ընտանկան միջավայրում, ապա այս դեպքում օգնության են գալիս ամենաթրենդային լուծումները՝ գիշերազգեստ հիշեցնող տաք հագուստները, որոնք այնքան հարմարավետ են տոնը վայելելու համար: Այս տարբերակին կարող են փախարինել նաև հենց տոները խորհրդանշող բլուզներով:

Իսկ այ եթե երեկոն պատրաստվում եք նշել Ձեր սիրելիի հետ, ապա սա այն դեպքն է, երբ անկասկած պետք է ընտրել ամենաշքեղ զգեստը, ցանկալի է մինչեւ հատակ երկարությամբ: Գույների եւ գործվածքի հարցում, նույնպես, այստեղ համարձակ եղեք: Ձեզ թույլ տվեք այդ երեկո այն զգեսը, որը գուցե այլ առիթով որեւէ անգամ այլեւս չկրեք»,-մանրամասնեց դիզայները:

Ինչ վերաբերում է տարվա թրենդային գույնին` ապա Թերեզի խոսքով` այս հարցում թրենդները թույլ են տալիս ընտրության լայն հնարավորություն, սակայն այս տարի նույնպես դոմինանտ է համարվում կարմիր գույնը, իր բոլոր երանգներով՝ հատկապես մուգ:

«Բայց մի շտապեք «տխրել», եթե կարմիրը, այնուամենայնիվ, չի կարողանում «գրավել» ձեր սիրտը: Կարող եք ընտրել կանաչի ու կապույտի մուգ երանգների մեջ, որոնք նույնպես կօգնեն ձեզ այս Ամանորին ներկայանալ հավուր պատշաճի» :

Կարծում ենք` շատերին կհետաքրքրի, թե ինչպես են որոշվում ամենամյա թրենդները: Այս թեմայով էլ զրուցեցինք Թերեզի հետ.

«Առհասարակ նորաձևության թրենդները որոշվում ու թելադրվում են մի քանի ստադիաներում: Նախ մի կողմից դա զուտ բիզնես գործընթաց է, որտեղ դոմինանտ  են խոշոր տեքստիլ արդյունաբերողների որոշումները: Մյուս կողմից թելադրող են համարվում բարձր նորաձեւության տները, ովքեր որոշում են ձեւվածքները, համադրությունները, մշակումները: Մեկ այլ ստադիայում էլ դոմինանտ են դառնում հայտնի նորաձեւության ամսագրերի գլխավոր խմբագիրները եւ, իհարկե, նաեւ, Fashion Bayer-ները, հայերեն մի քիչ լավ չի հնչում՝ նորաձևության գնորդները: Սրանք այն փորձագետներեն են, ովքեր ընդհանուր առաջարկի մեջ ընտրում են այն, ինչ պետք է հասնի վերջնական սպառողին:

Իսկ Ամանորի համար ընդունված է կարծել, որ որոշումները կայացվում են ըստ համաստեղության, ըստ հին արեւելյան օրացույցի կենդանակերպի տվյալ տարվա խորհրդանշի: Ինչ-որ կերպ դա կարելի է այդպես համարել, որովհետև ինչպես ես սիրում եմ ասել, գաղափարները օդում են, որոնք արդեն վերը նշված ոլորտների, մասնագետների կողմից տվյալ ժամանակահատվածում դառնում են շոշափելի ու կիրառելի»,-նշեց դիզայները, որը չզլացավ նաեւ իր մասնագիտական խորհուրդներով կիսվել մշտապես նորաձեւ երեւալ ցանկացող աղջիկների եւ կանանց հետ:

«Մենք ամեն պարագայում Ամանորի հագուստը ընտրելիս «ղեկավարվելու ենք» թրենդներով, եթե, նույնիսկ, մեզ թվա՝ բացարձակ ուշադրություն չենք դարձնում: Որովհետեւ մեզ վրա տարբեր կերպ բազմաթիվ ազդակներ են գործում որոշում կայացնելիս, դրանք կլինեն գովազդների, ֆիլմերի, մեդիայի այլ բաղադրիչների,  ազդեցություն ունեցող մարդկանց եւ այլ գործոններ: Այնպես որ` դա անխուսափելի է: Սակայն կա մի կարեւոր հանգամանք, որը պետք է հագուստի ընտրությունը կատարելիս հիմնական ազդակը լինի, դա ինքներս մեզ հետ այդ հագուստով ներդաշնակ լինելու հանգամանքն է:

Կարծում եմ, որ Ամանորի հագուստը ընտրելիս պետք չէ մտածել, թե ինչպես գոհացնել կենդանակերպի որեւէ նշանի, այլ ձգտել է պետք գոհացնել առաջին հերթին ինքներս մեզ: Այնպես, որ հայելու մեջ նայելով ինքնաբերաբար ժպտանք: Եվ կարծում եմ, ջանքերը պետք է ուղղված լինեն գոհացնելու նաեւ մեր  սիրելիներին»,-ընդգծեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE