Քիմ Քարդաշյանը՝ 2016 թվական ամենաշատ ընթերցված արտասահմանյան աստղ

11:05   31 դեկտեմբերի, 2016

NEWS.am STYLE-ը շարունակում է ամփոփել անցնող տարվա արդյունքները եւ, հիմնվելով մեր նյութերի թեմաների կարդացվածության վրա, մենք որոշել ենք ամենակարդացված արտասահմանյան աստղին, ամենակարդացված թեման եւ շոուի բիզնեսի աշխարհում ամենակարդացված իրադարձությունը:

Եվ այսպես՝ ամենաշատ ընթերցված աստղը, բնականաբար, Քիմ Քարդաշյանն է:

Հայուհին միշտ փայլել է տարբեր միջոցառումների կարմիր գորգերին եւ առանց հատուկ ջանքերի պապարացիների ուշադրության կենտրոնում եղել, Հոլիվուդի մյուս աստղերից ավելի շատ հայտնվել առաջատար պարբերականների առաջին էջերում:

Իհարկե՝ տարեվերջին Քիմը սարսափելի իրավիճակում հայտնվեց. հայուհուն Փարիզում կողոպտեցին, ինչից հետո ռեալիթի շոուի աստղը հրաժարվեց սոցցանցերում ակտիվ կյանքից, բայց նախկինի պես շարունակում է գրավել մամուլին:

Եվ որքան էլ բարոյականության քարոզիչները Հայաստանում հայհոյեն Քիմին, ներկայում նա ամենակարդացվող աստղն է նաեւ մեզ մոտ:

Ի դեպ՝ նշենք, որ նրան կրնկակոխ հետեւում է կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, որի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում աճել է:

Ամենաքննարկվող թեմաներից են եղել հայկական սերիալները: Հեռուստասերիալների եւ դրանց աստղերի մասին նյութերն աներեւակայելի քանակությամբ են կարդում:

Նշենք, որ թեմայով զբաղվող մեր թղթակից Սյունե Առաքելյանը նույնիսկ ֆան-ակումբ ունի, որտեղ բաժանորդները հարցազրույցներ են խնդրում սերիալների տարբեր աստղերի հետ:

Իսկ ամենաշատ քննարկված միջազգային միջոցառումը մեր ընթերցողների համար եղել է ոչ թե «Օսկար»-ը, «Գրեմմի»-ն կամ MTV Awards-ը. անցյալ տարի օգտատերերի մեծ մասին հուզել է «Եվրատեսիլ»-ին մեր մասնակցությունը:

NEWS.am STYLE-ի թիմը եղել է մրցույթում հրաշալի ելույթ ունեցած Իվետա Մուկուչյանի կողքին եւ սատարել երգչուհուն եւ մեր ամբողջ պատվիրակությանը:



© NEWS.am STYLE