Սա նոր փուլ էր իմ կյանքում. Էրիկը` անցած տարվա ձեռքբերումների, աղջիկների թիմի հետ աշխատելու եւ առաջիկա ծրագրերի մասին

15:05   5 հունվարի, 2017

2016 թ-ը խոստումնալից էր Էրիկ Կարապետյանի համար: Երիտասարդ երգիչը համերգային շրջագայություններից եւ ԱՄՆ-ում կայացած մենահամերգից բացի` իրեն փորձեց նաեւ բոլորովին նոր ոլորտում` X Factor-ի ժյուրիի կարգավիճակում: Անցած տարվա ընթացքում Էրիկը հասցրեց նաեւ ներկայացնել նոր երգեր եւ տեսահոլովակներ, սակայն երգիչը չի սիրում դրանք ձեռքբերումներ համարել.

«Տեսահոլովակը սովորական երեւույթ է ցանկացած երգչի համար, երգը ներկայացնելու միջոց»,-համոզված է նա:

Էրիկի հետ որոշեցինք ամփոփել նրա` 2016-ի ձեռքբերումները` X Factor-ից մինչեւ նոր գործեր...

X Factor-ում ժյուրի լինելու մասին.

Տարվա ամենամեծ ու նոր ձեռքբերումս X Factor-ն էր` մի նախագիծ, որը միշտ դիտել եմ եւ որպես հեռուստադիտողի` այն ինձ համար միշտ հետաքրքիր է եղել: Որպես երգիչ` շատ դեպքերում ցանկություն ունեցել եմ մասնակցելու այս նախագծին, եւ այսօր նստած եմ ժյուրիի կազմում, փորձում եմ տաղանդավոր մարդկանց համար ուղի հարթել: Սա նոր փուլ էր իմ կյանքում: Ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում, ժյուրիի բոլոր անդամներն էլ պրոֆեսիոնալ մարդիկ են, ինչպես նաեւ ռեժիսորն ու պրոդյուսերը: Որքան էլ, որ դաժան է ամեն ինչ թվում, ես չեմ ցանկանում, որ այս նախագիծն ավարտվի, որովհետեւ ես այստեղ մեծ հաճույք եմ ստանում եւ առավել ուրախանում եմ, որ կան տաղանդավոր մարդիկ, որոնց հնարավորություն է տրված իրենց եթերով ցույց տալու:

Շատ գեղեցիկ ու խելացի աղջիկներ կան իմ թիմում.

Բոլոր խմբերում էլ կան տաղանդավոր մարդիկ: X Factor-ի այս եթերաշրջանն, իսկապես, շատ ուժեղ է, դժվար է ասել, թե հանդիսատեսն ավելի շատ ում կգնահատի: Հիմնվելով իմ ներքին զգայարանի վրա` ես ընտրել եմ անկեղծ մարդկանց, որոնք կարողանում են էմոցիա փոխանցել: Իմ աղջիկներից ես գոհ եմ: Իմ խումը տարբերվում է, որովհետեւ այնպես է ստացվել, որ մյուս թիմերում, գրեթե, բոլորը տղաներ են:

Ի դեպ, շատ գեղեցիկ ու խելացի աղջիկներ կան իմ թիմում: Նրանք շատ բարի են, շատ շուտ են ընկալում ամեն ինչ: Նույնիսկ, 10-յակից դուրս մնացած մասնակիցներն էին շատ լավը:

Մրցակիցների մասին.

Երբեմն մեկին սկսում ես համարել մրցակից, եւ հանկարծ հաղթում է ավելի  հասարակ մեկը, որին հանդիսատեսը գնահատում է հենց պարզ լինելու համար: Այս պահի դրությամբ ինձ համար բոլոր մասնակիցներն էլ հավասար են: Չեմ կարծում, թե մեկի թիմը մյուսից ավելի ուժեղ է: Աշխատանքի արդյունքում են նրանք ուժեղ դառնում: Նրանց հետագա ուժերը կախված են այստեղի աշխատանքից, ընտրված երգերից, այդ ամենը լավ ներկայացնելուց եւ, ամենակարեւորը, աշխատասիրությունից:

Թեհրանում առաջին անգամ ելույթ ունենալու մասին.

Թեհրան առաջին անգամ էի այցելում: Հրավերներ եղել էին, գիտեի, որ այնտեղ իմ երաժշտությունը լսում են, բայց որ այդքան ջերմ է այնտեղի հանդիսատեսը, չէի պատկերացնում: Բոլոր երգերն ինձ հետ միասին հավասար երգում էին, գոչում, գոռում, ուրախանում…Մեծ էմոցիաներով եմ վերադարձել այնտեղից: Հավաքական համերգ էր, այնտեղ էին նաեւ Սոֆի Մխեյանը, Նունե Եսայանը, Նազենի Հովհաննիսյանը…Այս համերգից հետո վստահ եմ, որ մի օր այնտեղ նաեւ մենահամերգով կներկայանամ, որովհետեւ զգացի, որ Թեհրանում դրա պահանջը կա: Ես ինքս էլ դրա կարիքն ունեմ:

Հայ հանդիսատեսի մասին.

Մեզ մոտ հանդիսատեսն ավելի զսպված է, նույնիսկ, քեզ սիրող մարդը հաճախ ցույց չի տալիս, որ սիրում է: Այսօր տոմսերն էլ մեզ մոտ ուրիշ ձեւ են վաճառվում, իսկ Պարսկաստանի հանդիսատեսը փոխանցում էր այն, ինչ զգում էր: Այ դա կցանկանայի, որ լիներ մեր քաղաքում, եւ ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում:

Առաջիկա մենահամերգի մասին.

Անցած տարի մեծ ծրագրեր ունեի, պետք է շարունակեի մենահամերգիս շրջագայությունները, բայց ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բոլոր պայմանավորվածությունները դադարեցվեցին, որովհետեւ սիրտ չունեի մենահամերգի:

Հասցրեցի մենահամերգով հանդես գալ Միացյալ Նահանգներում, ինչը շատ կարեւոր էր ինձ համար: Այս ամենը, միանշանակ, շարունակական բնույթ կկրի: Բացի մեծ համերգից, որի ընթացքում կհնչեն նոր երգեր, պատրաստվում եմ փոքրիկ համերգներով ներկայանալ մեր շատ սիրելի մայրաքաղաքում, եւ ոչ միայն…Մենք հաճախ մոռանում ենք, որ Հայաստանը միայն Երեւանը չէ: Ելույթ կունենամ նաեւ այլ քաղաքներում, որովհետեւ այնտեղի հանդիսատեսն էլ ունի համերգներ վայելելու ցանկություն:  

Դեկտեմբերի 31-ին` ուղիղ կեսգիշերին, ես ելույթ եմ ունենում...

Ամեն տարի Ամանորը նշել եմ Հայաստանում` աշխատանքային մթնոլորտում: Այս տարի նույնը եղավ, բայց Միացյալ Նահանգներում: Հայաստանում տոնը կնշեմ ընկերներիս հետ, որից հետո կգնամ Թիֆլիս` ընտանիքիս հետ նշելու:

Նոր տեսահոլովակի մասին.

Նոր տեսահոլովակս նկարահանվել է դեկտեմբերի 28-ին: Երգը բոլորովին նոր է, այն դեռ ոչ-ոք չի լսել: Պրեմիերան երեւի կկայանա Ամանորից հետո:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Էրիկի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE