Կարելի է ասել` ունեցա նաեւ անձնական ձեռքբերումներ. Ադրիանա Գալստյանի բացառիկ կերպարանափոխությունը` NEWS.am STYLE-ի համար

12:15   7 հունվարի, 2017

Ադրիանա Գալստյանն անցած տարվա ամենաաշխատասեր դերասանուհիներից էր: «Ֆուլ Հաուս» սիթքոմի ավարտից հետո նա ժամանակ չկորցրեց եւ միանգամից հայտնվեց մեկ այլ սիրված` «Երանի» հեռուստասերիալում` մարմնավորելով Մարտային:

Տարվա ընթացքում դերասանուհին մասնակցեց նաեւ մի շարք գովազդային արշավների եւ ֆետոնախագծերի` դառնալով հանրության համար քննարկման թեմա: Իսկ բոլորովին վերջերս Ադրիանա Գալստանյանը կրկին լուսանկարվեց NEWS.am STYLE-ի համար:

Գեղեցկուհին պատասխանեց մեր հարցերին եւ հատուկ մեր ֆոտոշարքի համար դիմեց կտրուկ ոճային փոփոխության: Թե ինչ է ստացվել արդյունքում` դիտեք եւ ընթերցեք ինքներդ:

-Ադրիանա, նկատելի հաջողություններ գրանցեցիր անցած տարվա ընթացքում: Որո՞նք ես համարում տարվա քո կարեւորագույն ձեռքբերումները:

-Բացի աշխատանքային հաջողություններից` նախորդ տարվա կարեւորագույն ձեռքբերումներից այն կարող եմ առանձնացնել, որ իմ կյանքում, վերջապես, հայտնվեցին իմ մասին մտածող, ինձ լավը կամեցող, անկեղծ ու հավատարիմ ընկերներ: Ծանոթացա նաեւ շատ դրական ու տաղանդավոր մարդկանց հետ: Այդ տեսանկույնից կարող եմ ասել, որ ունեցա նաեւ անձնական ձեռքբերումներ:

-Վստահ կարելի է ասել, որ տարվա ամենաքննարկվող դերասանուհիներից մեկն էիր: Քո մասին խոսում էին, տարբեր սիրավեպեր էին վերագրում… ինչպե՞ս ես վերաբերվում նման խոսակցություններին:

-Բնական է` մենք այն ասպարեզում ենք, որ պետք է պատրաստ լինենք լսելու տարբեր մեկնաբանություններ` թե լավ, թե վատ: Ինձ համար շատ կարեւոր է իմ հեռուստադիտողի կարծիքը: Չէ՞ որ, մենք նկարահանվում ենք ոչ միայն մեզ, այլեւ նրանց համար: Ուշադրություն եմ դարձնում միայն առողջ դիտողություններին:

Ինչ վերաբերում է սիրավեպերին, ապա նշեմ, որ հեռուստասերիալում բոլոր խաղընկերներս էլ ինձ մոտ ու հարազատ մարդիկ են եւ մենք շատ ենք սիրում լուսանկարվել: Այսքանը (ժպտում է):

-Ասում են` հայտնիությունը փոխում է մարդուն, իսկ անցած տարին քեզ համար այդ առումով հաջող տարի էր: Քո մեջ ինչ-որ փոփոխություններ նկատե՞լ ես:

-Պարզապես, ավելի եմ մասնագիտացել գործիս մեջ, իսկ վերաբերմունքս մտերիմ մարդանց հանդեպ երբեք չի փոխվի: Վստահ կարող եմ ասել, որ հայտնիությունը երբեք չի փոխի ինձ:

-Մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էիր, որ մանկությանդ երազանքներից մեկը մոդել դառնալն էր, ինչը կարողացար վերջերս իրականացնել: Հետաքրքիր է` կա՞ որեւէ երազանք, որը դեռեւս անկատար է մնացել:

-Այո, բայց չեմ ուզում խոսել երազանքիս մասին: Միգուցե, տարօրինակ հնչի, բայց այդ մասին, ինձնից բացի ոչ-ոք չգիտի:

-Քեզ հաճախ նմանեցնում են հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին: Ինչպե՞ս ես վերաբերվում այն փաստին, երբ քեզ համեմատում են այլ դերասանուհիների հետ:

-Բնականաբար, հաճելի է, երբ քեզ նմանեցնում են Հոլիվուդի տաղանդավոր եւ գեղեցիկ աստղին: Շատ նորմալ եմ վերաբերվում այդ համեմատություններին, բայց շատ ավելի հաճելի է, երբ գնահատում են սեփական արժանիքներս:

-Մեր ֆոտոշարքում ներկայացար 3 կերպարներով: Նրանցից ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Կարելի ասել` միակ ֆոտոշարքն է, որտեղ ներկայացա մի ոճում, որում երբեք ինձ չէի պատկերացնում: Ինձ 3 կերպարներն էլ շատ են դուր եկել եւ հատուկ շնորհակլություն եմ ուզում հայտնել բոլորին, ովքեր օգնեցին ստանալ այս կերպարները` վարսահարդարումից եւ դիմահարդարումից սկսած` հագուստից եւ գլխազարդերից վերջացրած:

-Առհասարակ, պատրա՞ստ ես դիմել ցանկացած ոճային փոփոխության:

-Դե, դա լայն հասկացություն է: Չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին, ամեն դեպքում, սիրում եմ դիմել փոփոխությունների: Պետք է միշտ կարողանաս տարբերվես:

-Ադրիանա, ի՞նչ նպատակներ մնացին 2016-ում, որոնք անպայման իրագործելու ես 2017-ին:

-Կիսատ նպատակներ չունեմ: Ասեմ ավելին` նույնիսկ, պատկերացրածիցս շատ բան իրականացավ 2016 թ-ին: Իսկ թե ինչ անակնկալ է 2017-ն ինձ համար նախապատրաստել, դեռ չգիտեմ…

Նյութը` Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Նարեկ Տ. Պ.

Ոճաբան` Մարիա Արամյան

Դիզայներ` Անահիտ Հովհաննիսյան

Գլխազարդերը` Լիլիթ Կարապետյան

Դիմահարդար` Սոնա Մուրադյան

Վարսահարդար` Կարինե Գրիգորյան

Նկարահանումն իրականացվել է TateFace Photography ստուդիայում



© NEWS.am STYLE