Ի՞նչ կլիներ, եթե Ջոն Քենեդիին փրկեին. Սթիվեն Քինգի մոտիվներով սերիալ՝ «11.22.63»

22:03   9 հունվարի, 2017

Ամանորյա տոները ոչ միայն ընկերներին եւ բարեկամներին տեսնելու եւ ստամոքս լցնելու առիթ է, այլ հանգստի օրերը ֆիլմերի վրա ծախսելու հիանալի ժամանակաշրջան։ Այսպես՝ NEWS.am STYLE–ը, լինելով Սթիվեն Քինգի երկրպագու, որոշել է դիտել «11.22.63» (Քենեդիի սպանության ամսաթիվ) մինի սերիալը, որը նկարահանվել է հիանալի գրողի համանուն վեպի մոտիվներով։

Վեպը լույս էր տեսել 2011–ի աշնանը եւ ընդհանուր առմամբ պատմում է անգլերենի ուսուցիչ Ջեյքոբ «Ջեյք» Էփփինգի (Ջեյմս Ֆրանկո) ժամանակի մեջ ճանապարհորդելու մասին, որի ընթացքում նա փորձում է կանխել 1963-ին նախագահ Քենեդիի սպանությունը։

Սերիալը մի քանի անգամ շեղվում է Քինգի կենտրոնական սյուժեից, բայց ընդհանուր առմամբ պահպանել է հիմնական գիծը։

Իսկ ամեն բան սկսվում է նրանից, որ Ջեյքը դասարանին հանձնարարում է շարադրություն գրել «Օր, որը փոխեց իմ կյանքը» թեմայով։ Աշակերտներից մեկը՝ տարեց կիսագրագետ հաշմանդամ հավաքարար Հարրի Դանինգը, նկարագրում է, թե ինչպես է հարբած հայրը մուրճով սպանել իր մորը, 2 եղբայրներին եւ կրտսեր քրոջը, իսկ իրեն՝ Հարրիին ցմահ հաշմանդամ դարձրել։ Նույն օրը Ջեյքն ընկերոջ՝ Էլ Թեմփլթոնի (Քրիս Քուփեր) խորտկարանում հանդիպում է իր նախկին կնոջը։ Ընկերը սուրճ է հյուրասիրում, իսկ մի քանի րոպե անց իմանում է, որ քաղցկեղով հիվանդ է։

Ավելի ուշ Էլ Թեմփլթոնը պատմում է, որ սրճարանի նկուղում կա դեպի 1960 թվական տանող պորտալ։ Ջեյքը հրաժարվում է հավատալ դրան, եւ Էլը նրան ստիպում է ճանապարհորդել դեպի անցյալ, որպեսզի փրկի Քենեդիին եւ փոխի աշխարհը՝ նախապես յուրացնելով հետեւյալ կանոնները.

Պորտալը միշտ տանում է նույն օրը՝ 1960 թվականի սեպտեմբերի 9–ի ժամը 11։58 րոպեն։

Անկախ անցյալում անցկացրած ժամանակից՝  ներկայում այդ ճանապարհորդությունը տեւում է 2 րոպե։

Անցյալը կարելի է փոխել, սակայն ամեն հաջորդ ճանապարհորդություն զրոյացնում է դրա նախորդի փոփոխությունները։

Անցյալն ընդդիմանում է փոփոխություններին. որքան մեծ են փոփոխությունները, այնքան դիմադրությունն ավելի ուժեղ է։

Բայց ամեն բան այլ կերպ է ընթանում, քանի որ Ջեյքը սիրահարվում է գեղեցկուհի Սեյդի Դանհիլին (Սառա Գադոն)։

Ֆիլմը թողարկվել է անցյալ տարի, պրոդյուսերներից մեկը հենց Քինգն է։ Անցյալ տարվա հիթ սերիալների ֆոնին ժապավենն, իհարկե, «աչքի չընկավ», բայց մենք անկեղծ խորհուրդ ենք տալիս նայել այն, եթե ձեզ դուր է գալիս ֆանտաստիկայի եւ դետեկտիվի խառնուրդը։



© NEWS.am STYLE