Ջոլին եւ Փիթը կամուսնալուծվեն առանց մամուլում աղմուկ բարձրացնելու

13:04   10 հունվարի, 2017

Ապագայում նախկին ամուսիններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին համաձայնություն են ձեռք բերել ապահարզանի գործընթացի պայմանների շուրջ:

Ըստ Daily Mail-ի՝ կողմերի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ դերասանները մտադիր են իրենց երեխաներին զերծ պահել ավելորդ սթրեսից:

«Կողմերն ու նրանց փաստաբանները համաձայնություն են ստորագրել իրենց երեխաների եւ ընտանիքի անձնական կյանքի անձեռնմխելիությունը պահպանելու մասին, ինչի արդյունքում դատական բոլոր փաստաթղթերը գաղտնի կպահվեն, նաեւ հաշտարար դատավոր կներգրավվի՝ անհրաժեշտ իրավական որոշումներ կայացնելու եւ բոլոր հարցերն արագորեն լուծելու համար»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության ժամանակ Բրեդ Փիթը բուռն ծափերի ներքո բեմ է բարձրացել՝ ներկայացնելով ռեժիսոր Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը:



© NEWS.am STYLE