Էմմա Սթոուն, Մերիլ Սթրիփ, Նատալի Փորթման. բրիտանական BAFTA-ի մրցանակի հավակնորդները

15:42   10 հունվարի, 2017

Լոս Անջելեսում նախօրեին կայացավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը:

«La la Land» մյուզիքլը 7 հնարավորից 7 մրցանակ ստացավ: Ժապավենը, ամենայն հավանականությամբ, ռեկորդներ կսահմանի նաեւ Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստի ակադեմիայի՝ BAFTA-ի մրցանակաբաշխության ժամանակ, որն անցկացվելու է փետրվարի 12-ին, Լոնդոնում:

Ըստ Variety-ի՝ մրցանակների հավակնորդներն արդեն հայտնի են:

«La la Land»-ը 11 մրցանակի է հավակնում, իսկ դերասանական անվանակարգերում առաջադրվել են, մասնավորապես, Էնդրյու Գարֆիլդը, Քեյսի Աֆլեքը, Ջեյք Ջիլենհոլը, Ռայան Գոսլինգը, Բիգգո Մորթենսենը, Էմի Ադամսը, Էմիլի Բլանթը, Էմմա Սթոունը, Մերիլ Սթրիփը, Նատալի Փորթմանը:

9-ական անվանակարգերում առաջադրվել են «Ժամանում» եւ «Գիշերվա քողի ներքո» ժապավենները:

6 մրցանակ էլ կարող է ստանալ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը:

«Ֆանտաստիկ արարածները եւ որտեղ են նրանք բնակվում», «Խղճի նկատառումներով», «Առյուծ» եւ «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմերը ներկայացված են հինգական անվանակարգերում:

Չորս մրցանակի էլ հավակնում են «Լուսնի լույսը» եւ «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» ֆիլմերը:



© NEWS.am STYLE