Նախկինում աշխարհի ամենագեր կինը նիհարել է մոտ 260կգ

12:25   11 հունվարի, 2017

Կար ժամանակ (2002-ին), երբ նա համաշխարհային պարբերականների էջերին էր հայտնվում, քանզի համարվում էր աշխարհի ամենագեր կինը։ Նախկինում ավելի քան 450կգ կշռող Քաթրինա Ռեյթֆորդը այսօր էլ մնում է լրագրողների ուշադրության կենտրոնում։ Պարզապես այժմ բոլորը հետեւում են, թե ինչպես է կինը նիհարում եւ ազատվում ավելորդ կիլոգրամներից:

Ծնունդով Ֆլորիդային 40-ամյա Քաթրինան նախկինում քաշի պատճառով գամված էր անկողնուն, իսկ հիմա՝ մոտ 260կգ նիհարելուց հետո, կինն արդեն գրանցվել է ծանոթությունների համար նախատեսված կայքերից մեկում եւ ռոմանտիկ հանդիպումների է գնում։ Հանդիպումների ժամանակ տղամարդիկ զարմանում են, թե ինչպես է Քաթրինային հաջողվել այդքան նիհարել.

«Նրանք իրենց քույրիկների, մայրիկների եւ հարազատների համար հարցնում են, թե ինչ միջոցներով եմ նիհարել։ Դեռ զարմանում եմ, որ մի քանի տարի առաջ ես անկողնուց չէի կարողանում վեր կենալ, իսկ հիմա գնում եմ հանդիպումների»,- պատմում է երջանիկ կինը։

Սակայն այժմ Ռեյթֆորդը ունի մեկ այլ խնդիր՝ ազատվել ավելորդ կիլոգրամների հետեւանքով առաջացած մաշկից, որը հեռացնելու դեպքում նա եւս 60կգ-ով կնիհարի։

Նշենք, որ միայն վերջերս է 40-ամյա Քաթրինան կարողացել գնալ մարզասրահ։ Նա այնքան հուզված է եղել, որ անգամ նկարահանել է այդ ողջ գործընթացը՝ մյուսներին ոգեշնչելու համար։

Այժմ Ռեյթֆորդը շաբաթական չորս անգամ մարզասրահ եւ ջրային աերոբիկայի է հաճախում։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE