Կազմակերպիչների անուններ եւ ոստիկանական շրջայցեր Բելգիայի ոսկերչական խանութներում. մանրամասներ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով

10:03   11 հունվարի, 2017

Այսօր Քիմ Քարդաշյանի մասին լուրերը շատ են լինելու, իսկ պատճառն այն է, որ աստիճանաբար համացանցում նոր մանրամասներ են հայտնվում հոկտեմբերին Փարիզում հայուհու կողոպուտի գործից: Նորաձեւության շաբաթվա առիթով Փարիզ մեկնած հայուհուց 9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր գողացան:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը 17 անձի է ձերբակալել, որոնցից ամենատարեցը 73 տարեկան է, ձերբակալվածներից երկուսն էլ ծնունդով Ալժիրից են: Երկուշաբթի ֆրանսիական ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել Փարիզում, Նիսում եւ Ռուանում

 

Ըստ Daily Mail-ի՝ կողոպուտի կազմակերպիչ են համարում երկու եղբայրների, որոնց անունները չի հաղորդվում: Երկուսն էլ շուրջ 50 տարեկան են, բնակվում են Փարիզում: Նրանք ոստիկանությանը հայտնի են որպես կրկնահանցագործ, որոնք գողացված թանկարժեք զարդեր են իրացնում:

Նրանց տնից 300 հազար եվրո կանխիկ գումար են առգրավել, հնարավոր է՝ գողացված զարդերից ստացված եկամտի մի մասը:

 

France Info-ն իր հերթին հաղորդում է, որ ոստիկանությունն անցել է Փարիզի բոլոր ոսկերչական խանութներով, որտեղ եղբայրներին վերջին անգամ տեսել են:

 

Սակայն Քիմի զարդերը չեն գտել, եւ ֆրանսիական ոստիկանությունը կարծում է, որ զարդերն արդեն Անտվերպենում են՝ թանկարժեք զարդերի բելգիական մայրաքաղաքում, որտեղ ոսկերչական խանութները թանկարժեք իրեր գտնելիս հարցեր չեն տալիս:

 

Ըստ Le Figaro-ի՝ բելգիական ոստիկանությունն իր հերթին նախօրեին շրջայցեր է սկսել ոսկերչական խանութներում:

TMZ-ի փոխանցմամբ՝ Փարիզում ձերբակալվածների թվում է նաեւ 40-ամյա վարորդ Միշել Մադարը, որն աշխատում է լյուքս դասի մեքենաների վարձակալության գործակալությունում, եւ որի ծառայություններից Քիմի ընտանիքն օգտվում է ամեն անգամ Փարիզ այցելելիս:

 

Միշելի հետ միասին ոստիկանության ձեռքն է ընկել նաեւ նրա 27-ամյա եղբայրը՝ Հարրին, որը նույն ընկերությունում է աշխատում:

 

Եղբայրները հաճախ են Անտվերպեն մեկնում, եւ ոստիկանությունը կարծում է, որ շուտով կգտնեն Քիմի գողացված զարդերի հետքը:

 

Հատկանշական է, որ բանդայի ղեկավարներից մեկը 72-ամյա Պիեռ Բ.-ն է, որին ձերբակալել են Ֆրանսիայի հարավի իր առանձնատանը:

 

Ձերբակալվածների կեսից ավելին ֆրանսիական ոստիկաններին հայտնի են որպես կրկնահանցագործներ:

 

Ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչներն ԱՄՆ են մեկնել՝ Քիմ Քարդաշյանին հանդիպելու: Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ աստղն ուրախ է ֆրանսիական կողմի աշխատանքի արդյունքներից:

 

Լուսանկարները՝ X17Online-ի, Vantagenews-ի, Mega-ի, E-press.fr-ի, Xposure-ի



© NEWS.am STYLE