Քլոե Քարդաշյանը Ջեյմս Քորդենի շոուի ժամանակ ձկան աչք է համտեսել

11:04   13 հունվարի, 2017

Հայտնի հաղորդավար Ջեյմս Քորդենը The Late Late Show with James Corden շոուում անցյալ տարվա նոյեմբերին «կտտանքների էր ենթարկել» իր հյուրին՝ Քենդալ Ջեներին: Իսկ օրերս Spill Your Guts or Fill Your Guts նախագծին հյուրընկալվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Քլոեն:

Ջեյմսն ու Քլոեն խաղ են խաղացել, որի կանոնների համաձայն՝ հաղորդավարն ու մոդելը միմյանց հարցեր են տվել, իսկ պատասխանից հրաժարվելու դեպքում տարբեր սարսափելի խորտիկներ են համտեսել, օրինակ՝ ձկան աչք, ցուլի առնանդամ, մորեխ, սարդիններից սմուզի եւ այլն:

Այսպես, Քլոեին հաջողվել է պարզել, որ հոլիվուդյան դերասաններից Քորդենն անտաշ է համարում Փիրս Բրոսնանին, իսկ ահա ռեալիթի շոուի աստղի հարցին, թե ում է համարում իր «Ավտոմոբիլային կարաոկե» շոուին հյուրընկալված վատագույն երգչին/երգչուհուն, Ջեյմսը նախընտրել է չպատասխանել եւ հում հավի թեւիկ է կերել:

Քլոեն իր հերթին E! ալիքի եթերում ցուցադրվող վատագույն սերիալ է կոչել եղբոր՝ Ռոբի շոուն, իսկ ի պատասխան Քորդենի հարցին՝ իսկապե՞ս մեղավոր էր Օջեյ Սիմփսոնը (ամերիկյան ֆուտբոլիստ, որը մեղադրվում էր կնոջ ու նրա սիրեկանի սպանության մեջ, եւ որին պաշտպանում էր Քլոեի հայր Ռոբերտ Քարդաշյանը), Քլոեն նախընտրել է ձկան աչք ուտել՝ այդ ընթացքում չդադարելով հայհոյել:

 



© NEWS.am STYLE