Ֆիլիպ Կիրկորով vs Վադիմ Մանուկյան. Ալլա Պուգաչովայի դեմ ստորագրահավաք նախաձեռնած հայը պատասխանել է իրեն վիրավորած երգչին

15:32   13 հունվարի, 2017

Արդեն մի քանի օր է՝ ռուսական բլոգոլորտում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ Ռոստովի բնակիչ Վադիմ Մանուկյանը  change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել Ալլա Պուգաչովայի մասնակցությամբ ամանորյա հաղորդումների դեմ:

«Այն, ինչ կատարվում է Ձեր ամանորյա եթերում, պարզապես անցնում է բոլոր սահմանները: Ինչո՞ւ առանձնացրի հատկապես Առաջին ալիքի ամանորյա եթերը: Որովհետեւ այն, իմ կարծիքով, սկսել է որակով զիջել նախորդ տարիների իր իսկ հաղորդումներին: Հավատացե՛ք, քչերին է դուր եկել «Պրիմադոննային հյուր» սեղանի շուրջ նստել»,- գրել է Վադիմը եւ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին առաջարկել է հեռուստադիտողների շրջանում հարցում անցկացնել՝ 2018 թվականի ամանորյա շոուն բարելավելու նպատակով: Ստորագրահավաքին արդեն ավելի քան 117 հազար մարդ է միացել:

Այս առիթով Ֆիլիպ Կիրկորովն Instagram-ում գրել է.

«Ամեն դեպքում՝ ինչպիսի զազրելիություն է: Նստած է իր համար մարդը՝ կինը, դերասանուհին, երգչուհին, ոչ ոքի չի դիպչում, երգում է, ստեղծագործական գործունեությամբ զբաղվում, ավելի քան 40 տարի ուրախացնում է միլիոնավոր մարդկանց ու երկրպագուների, եւ հանկարծ ինչ-որ նախանձոտ կեղտ ինչ-որ ակցիա է կազմակերպում: ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐ: Ես ոչնչի կոչ չեմ անի, այլ կխոսեմ մեր երկրի եւ ամբողջ աշխարհի միլիոնավոր երկրպագուների բառերով եւ մտքերով. թող ձեզանից յուրաքանչյուր միացնի ուղեղը, իր հոգու խորքը նայի եւ կհիշի, թե այդ մեծ երգչուհին որքան բան է արել երկրի համար, մեզանից յուրաքանչյուրի համար, որպեսզի մեր սրտերում եւ հոգիներում ուրախություն եւ երջանկություն լինի: Դե, իսկ չարություն շնչողներն ի՞նչ կարող են «նվիրել մարդկանց»՝ չարությունից բացի... Շները հաչում են, քարավանն առաջ է գնում... Երգի՛ր, Ալլա, միլիոնավորների համար երգիր: Մենք միշտ քեզ հետ ենք»:

Ստորագրահավաքի հեղինակն ապշած է նման վիրավորանքներից: Իր ուղերձում նա բազմիցս ընդգծել է, որ բազմաթիվ ռուսաստանցիներ են դժգոհել ամանորյա գիշերը ցուցադրված հաղորդումներից: Ռոստովցին որեւէ կերպ չի ցանկացել վիրավորել կամ նեղացնել Ալլա Պուգաչովային:

«Ես ամենեւին էլ որոշակի աստղերի (չնայած Կիրկորովի կոպիտ, վիրավորական արտահայտությունները նրան չեն զարդարում, բայց նա պաշտպանեց սիրելի կնոջը, իսկ այս դեպքում արարքները ոչ միշտ կարող են խելամիտ լինել) կամ Առաջին ալիքի դեմ չեմ, պարզապես ինձ դուր չեկավ հեռուստաալիքի ամանորյա հաղորդումը, ձեւաչափը: Ահա եւ վերջ: Դա ոչ միայն կոռեկտ չէ, դա ուղղակի վիրավորանք է, ընդ որում՝ միանգամայն անտեղի: Բոլորն էլ գիտեն, որ ստորագրահավաքը որեւէ կերպ չի վիրավորում Ալլա Պուգաչովային, կոչ չի անում նրան դուրս մղել եթերից: Անկեղծ ասած՝ նույնիսկ բառեր չեմ գտնում, ես, իհարկե, հասկանում եմ, որ Ֆիլիպ Կիրկորովը վիրավորված է Ռոստովից «վարդագույն շապիկից» հետո, բայց որպեսզի հնարավոր լինի այդքան ատել բոլոր ռոստովցիներին... Ինձ համար սա պարզապես շոկ է»,- մեկնաբանել է Վադիմ Մանուկյանը:

 

Աղբյուրը՝ rostov.ru

 



© NEWS.am STYLE