Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «Հարսանեկան իրարանցում» կամ Զաք Էֆրոնը շտապ հարսնացու է փնտրում

18:02   14 հունվարի, 2017

Վաղը կիրակի է, իսկ դա նշանակում է` շաբաթ երեկոն կարելի է հրաշալի կերպով ավարտել ժամանցային ֆիլմի դիտմամբ:

Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել կատակերգական ժանրի մի ֆիլմ, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Զաք Էֆրոնը, Ադամ ԴիՎայնը, Աննա Քենդրիքն ու Օբրի Պլազան:

Ռեժիսոր Ջեք Սզումանսկիի այս կատակերգությունը երկու եղբայրների`Մայքի եւ Դեյվի մասին է: Այս երկուսը որտեղ որ հայտնվում են, իսկական, իրարանցում են ստեղծում` ալկոհոլ, թմրանյութեր, աղջիկներ, ծեծկռտուք եւ այլն:

Այս ամենը հաճախ է պատահում, հատկապես, բարեկամների հարսանեկան խնջույքների ժամանակ:

Այդ է պատճառը, որ երբ նրանց կրտսեր քույրը` Ջինը, որոշում է ամուսնանալ, նա իր եղբայրների առջեւ մի պայման է դնում: Իր հարսանիքին Մայքն ու Դեյվը պետք է գան միայն հարսանացուների հետ: Նրա համոզմամբ, եթե տղաներից յուրաքանչյուրը ներկայանա որեւէ  դաստիարակված, գեղեցիկ եւ համեստ աղջկա հետ, միայն այդ դեպքում բոլորը կկարողանան խուսափել ավելորդ սկանդալներից:

Իսկ ի՞նչ անել, եթե ոչ ընկերուհի ունես, ոչ էլ հարսնացու: Դե, իհարկե` պետք է հայտարարություն տարածել: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ջինի հարսանիքը կայանալու է Հավայան կղզիներում, ապա հարսանացուների քասթինգը հաստատ թեժ է լինելու:

Ի վերջո, տղաներին հաջողվում է գտնել իրենց երազանքների համեստ եւ զուսպ գեղեցկուհիներին: Սակայն ամեն ինչ իրականում շատ ավելի խճճված է:

Եթե կատակերգության սիրահար եք, ուրեմն երեկոյան անպայման դիտեք 2016 թ-ին նկարահանված այս ֆիլմը: Այն հագեցած է դրական էմոցիաներով եւ հումորային դրվագներով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE