Յոկո Օնոն ցուցադրել է Ջոն Լենոնի արյունոտ ակնոցի լուսանկարը

18:07   21 մարտի, 2013

Ճապոնական նկարչուհի Յոկո Օնոն իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որտեղ նրա ամուսնու՝ The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի արյունոտ ակնոցն է: Նրան գնդակահարեցին 1980 թվականին, Նյու Յորքում:

Ըստ The Independent-ի, լուսանկարն ուղերկցվում է հետեւյալ խոսքերով. «1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնի մահից հետո, Միացյալ Նահանգներում ավելի քան 1.057.000 մարդ է գնդակահարվել»: Այս լուսանկարով Յոկոն իր տեսակետն է արտահայտել ԱՄՆ-ում առանց սահմանափակման զենք ձեռք բերելու խնդրի առնչությամբ:

Բացի այդ, ամուսնության 44-րդ տարեդարձի առիթով 79-ամյա Օնոն Twitter-ում նաեւ Ջոն Լենոնի հետ համատեղ մի քանի այլ լուսանկար է հրապարակել: Նկարչուհին դրանց տակ մեկնաբանություն է թողել. «Սիրելի մարդու մահն ամբողջ կյանքում ամայացնում է: 33 տարի անց ես եւ մեր որդին՝ Շոնը, դեռ կարոտում ենք նրան: Յոկո Օնո Լենոն»:



© NEWS.am STYLE