Թոմ Հիդլսթոն, Հյու Լորի, Հովիկ Քեչքերյան. 100 պատճառ «Գիշերային ադմինիստրատորը» դիտելու համար

22:10   16 հունվարի, 2017

Մեկ շաբաթ առաջ Թոմ Հիդլսթոնը հայտնվել էր «Ոսկե Գլուբուսի» կարմիր գորգի վրա, որի մի քանի ժամ անց 35-ամյա բրիտանացի դերասանը մրցանակի էր արժանացել էր The Night Manager («Գիշերային ադմինիստրատորը») մինի սերիալում լավագույն դերակատարման համար։  Դա էլ NEWS.am STYLE–ին ոգեշնչեց դիտել այդ սերիալը (100 պատճառ մենք չենք թվարկի, քանի որ այդքան տեղ չկա, բայց կհամոզենք ձեզ դիտել սերիալը)։

Մեծ Բրիտանիայում Թոմին սեքս սիմվոլ են համարում, ինչը զարմանալի չէ, քանի որ դերասանի հմայքը (որի պատճառով անցյալ տարի Քելվին Հարիսին լքեց Թեյլոր Սվիֆթը) ֆիլմին հատուկ երանգ է հաղորդել։

Եթե դուք լրտեսական դետեկտիվների սիրահար եք, ապա դուք ճիշտ հասցեով եք եկել, դա հենց այն ֆիլմն է, որն արժի դիտել։ Առավել եւս, եթե գլուխ եք հանում այդ դետեկտիվներից, ուրեմն Ջոն Լե Կարեի անունը ձեզ անպայման մի բան ասում է, քանի որ այդ գրողը, կարելի է ասել, «քաղաքական դետեկտիվի արքան է»։

Ահա նրա գրքի հիման վրա էր Սյուզաննա Բիրը նկարահանել է «Գիշերային ադմինիստրատորը», որը դուք մեկ օրում կնայեք՝ 6 դրվագ։ Ֆիլմը նայվում է մեկ շնչով հիմնականում Հյու Լորիի շքեղ խաղի շնորհիվ, որին իդեալական գլխավոր դեր են ընտրել։ Թոմ Հիդլսթոնն իր հերթին կերտել է  արաբական գարնան հեղափոխությունների ժամանակ Կահիրեի հյուրանոցներից մեկում գիշերային ադմինիստրատորի դերը։

Թոմի հերոսը բրիտանացի նախկին զինվոր Ջոնաթան Փայնն  է, որը սիրահարվում է տեղացի օլիգարխի սիրուհուն։ Աղջիկը նրան փաստաթղթեր է տալիս Բրիտանիայի դեսպանատուն տանելու համար, որոնցում տեղեկություններ կան բրիտանացի բարերար Ռիչարդ Ռուփերի (որը, պարզվում է, զենքի վաճառքով է զբաղվում) եւ արաբ գործարարների միջեւ գաղտնի գործարքի մասին։ Նույն օրը աղջկան սպանում են Ռուփերի պատվերով (որի թիկնապահի դերը կերտել է Հովիկ Քեչքերյանը), եւ Փայնը փախչում է Եգիպտոսից։ Շվեյցարական լեռներում արկածների միջով անցնելուց հետո բրիտանական հետախուզության աշխատակցուհի Անժելա Բերրը (Օլիվիա Քոլման) եւ Փայնը հանդիպում են։ Տղային հավաքագրում են, Ջոնաթանն ուզում է վրեժ լուծել աղջկա մահվան համար, իսկ բրիտանական հետախուզությունը՝ «նեղը գցել» Ռուփերին, սակայն… ամեն բան այդքան հեշտ չէ։

Ջոնաթանին ընդգրկում են Ռուփերի կազմակերպությունում, որտեղ նրան է սիրահարվում շեֆի աղջիկը՝ Ջեդը (Էլիզաբեթ Դեբիկին), որի հետ սիրային տեսարանը անցյալ տարի լավագույնն է ճանաչվել Մեծ Բրիտանիայում։

Սյուժեն չբացահայտելու համար նշենք, որ ձեզ սպասում է գլուխկոտրուկների, բամբասանքների, ինտրիգների եւ դավաճանությունների այնպիսի շարք, որ դուք ուղակի կմոռանաք ժամանակի մասին։

Ֆիլմը դիտելիս ձեզ չի լքի այն զգացումը, որ դուք Ջեյմս Բսնդի մասին ֆիլմն եք դիտում, միայն թե սերիալի ձեւաչափով։ Անգամ որոշ պահերի թվում է, թե եթե Թոմին փոխարինենք Դենիել Քրեյգով, հաստատ դասական Բոնդ կստացվի։ Այն, ինչ չկա «բոնդիանայում», դուք կգտնեք այստեղ. գործողություններն ընթանում են  մի քանի երկրում՝ հերոսները այսուայնկողմ են նետվում Եգիպտոսում, Իսպանիայում, Շվեյցարիաում, Անգլիայում, Թուրքիայում։ Այդ ամենն ընթանում է Վիկտոր Ռեյեսի երաժշտության ներքո, ինչը լիովին համընկնում է Բոնդի երաժշտության մթնոլորտին։

Դրան ավելացնենք գեղեցիկ աղջիկները, օդանավերը, ուղղաթիռները, զենքը, ծովային նկարահանումների տեխնիկան. մի խոսքով՝ ձեզ հիանալի նկարահանված անմոռանալի սյուժե է սպասում։

Ձեր՝ Ալեն Վուդիյան 



© NEWS.am STYLE