15-ամյա հայուհիները՝ НТВ հեռուստաալիքի «Ты – супер!» նախագծի մասնակիցներ

15:30   16 հունվարի, 2017

«Ты – супер!»՝ այսպես է կոչվում ռուսական НТВ հեռուստաալիքի նոր երաժշտական նախագիծը, որի մեկնարկը կտրվի փետրվար ամսից: Հայ հանդիսատեսի համար նոր նախագիծը հատկանշական է նրանով, որ այստեղ մրցելու են նաեւ Վանաձորի մանկատան եւ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սաներ 15-ամյա Սաբինա Մանվելյանն ու Անգելինա Պապիկյանը:

Այսօր՝ հունվարի 16-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ աղջիկները պատմեցին նախագծի եւ իրենց տրամադրվածության մասին:

«Մանակցելու առաջարկը եղել է շոուի հաղորդավար Վադիմ Տակմենյովի կողմից: Դպրոցից կանչեցին ինձ եւ ասացին, որ կա նմանատիպ երգի մրցույթ եւ առաջարկեցին մասնակցել քասթինգին: Հաղթահարեցի նախնական փուլն ու անցա լսումների փուլ, որի ժամանակ կատարեցի Նաստյայի եւ Պոտապի «Бумдиггибай» երգը, որից հետո անցա եզրափակիչ փուլ»,- նշում է Վանաձորի մանկատան սան Սաբինա Մանվելյանը:

Պակաս ոգեւորված չէ նաեւ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սան Անգելինա Պապիկյանը.

«Երգի ուսուցչուհիս խորհուրդ տվեց մասնակցել մրցույթին: Նախնական լսումների համար կատարցի Անի Լորակի ստեղծագործություններից մեկը, իսկ լսումներին կատարեցի «Դլե Յամանը» եւ անցա հաջորդ փուլ»:

Աղջիկներից յուրաքանչյուրն էլ դպրոցի մասշտաբով մասնակցել է տարբեր մրցույթների: Սակայն այս մրցույթն ավելի կարեւոր է նրանց համար, քանի որ դրա շրջանակներում Սաբինան եւ Անգելինան աշխատելու են տարբեր հայտնիների հետ: Աղջիկները դեռեւս չեն կարող բացահայտել մրցութային շատ մանրամասներ, քանի որ իրենք էլ տեղյակ չեն առաջին անգամ մեկնարկող այս նախագծից: Բայց մի բան հստակ է՝ մարտական են տրամադրված:

«Ты – супер!» նախագիծն այս տարի առաջին անգամ է մեկնարկելու НТВ հեռուստաալիքի եթերով: Այս մրցույթին մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի պետությունների մանկատների եւ խնամքի կնտրոնների սաները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE