Ես նորաձեւության գերին չեմ. Քեյթ Մոսն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը

18:02   16 հունվարի, 2017

Անգլիացի մոդել Քեյթ Մոսն այսօր նշում է ծննդհան 43-ամյակը: Սուպերմոդելն իր կարիերան սկսել է 14 տարեկանից, այն պահից, երբ նրան նկատեց Storm Model Management գործակալության հիմնադիր Սարա Դուկասը:

Հայտնիությունը Քեյթին ժպտաց 1990-ականներին, երբ մոդելը սկսեց համագործակցել Calvin Klein ապրանքանիշի հետ:

Չնայած Մոսը համարվում է նորաձւության աշխարհի ամենափոքրամարմին եւ նիհարակազմ ներկայացուցիչներից մեկը՝ ինքը մոդելն իրեն նիհար չի համարում եւ իր հարցազրույցներում հաճախ է նշում, որ դեմ է անորեքսիկ արտաքինով մոդելներին:

Քեյթ Մոսի մյուս մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Եթե մոդել չդառնայի, կցանկանայի լինել ռոք երաժշտության աստղ: Ամենուրեք կշրջագայեի իմ բենդի հետ: Սա մտնում է հաջորդ կյանքիս ծրագրերի մեջ»:

«Մարդիկ կարծում են, թե իմ հաջողությունը պայմանավորված է միայն գեղեցիկ դիմագծերովս: Սակայն հեշտ է այդպես խոսելը, ավելի դժվար է այդ հաջողության դիրքերը պահպանելը»:

«Միգուցե, տարօրինակ հնչի, բայց ես կարծում եմ՝ երբ մարդը գեղեցիկ է ներքուստ, դա արտացոլվում է նաեւ նրա արտաքինի վրա»:

«Ես երբեք չափից դուրս նիհար չեմ եղել, երբեք ոսկրոտ չեմ եղել, բայց հիշում եմ՝ նույնիսկ այդքան նիհար լինելու ցանկություն էլ չեմ ունեցել»:

«Մարզասրահ գնալը չի համարվում  իմ առօրյայի սիրելի զբաղմունքներից մեկը»:

«Ես շատ արագ էի ապրում: Աշխատում էի, ճանապարհորդում: Երբեք կանգ չէի առնում, մինչեւ որ այդ ամենը դարձավ ոչ ներդաշնակ»:

«Հոգնած լինելը մեղք է»:

«Իմ կյանքի լավագույն ընկերներից շատերին հանդիպել եմ հենց մոդելինգի բնագավառում»:

«Ես հանդիպել եմ, գրեթե, բոլոր այն մարդկանց, որոնց երազում էի հանդիպել»:

«Ես նորաձեւության գերին չեմ»:

«Ես շատ եմ սիրում զգեստներ, բայց, գրեթե, երբեք չեմ գնում շոփինգի»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE