Ալլա Պուգաչովայի դեմ ստորագրահավաք սկսած հայը ներողություն է խնդրել երգչուհուց

11:10   17 հունվարի, 2017

Ամսվա սկզբին Ռոստովի բնակիչ Վադիմ Մանուկյանը change.org կայքում ստորագրահավաք էր նախաձեռնել Ալլա Պուգաչովայի մասնակցությամբ ամանորյա հաղորդումների դեմ:

 

«Այն, ինչ կատարվում է Ձեր ամանորյա եթերում, պարզապես անցնում է բոլոր սահմանները: Ինչո՞ւ առանձնացրի հատկապես Առաջին ալիքի ամանորյա եթերը: Որովհետեւ այն, իմ կարծիքով, սկսել է որակով զիջել նախորդ տարիների իր իսկ հաղորդումներին: Հավատացե՛ք, քչերին է դուր եկել «Պրիմադոննային հյուր» սեղանի շուրջ նստել»,- գրել է Վադիմը եւ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին առաջարկել է հեռուստադիտողների շրջանում հարցում անցկացնել՝ 2018 թվականի ամանորյա շոուն բարելավելու նպատակով: 

 

Վադիմին շտապել է պատասխանել Ֆիլիպ Կիրկորովը, որը վիրավորել է Մանուկյանին, վերջինն իր հերթին օրերս պատասխանել է Ֆիլիպին: Իսկ երեկ Վադիմը ներողություն է խնդրել Պուգաչովայից:

Մանուկյանը հայտարարել է, որ կոչ չի արել եթերից հանել ո՛չ Պուգաչովային, ո՛չ նրա գործընկերներին, այլ միայն պահանջել է վերանայել Առաջին ալիքի ամանորյա հաղորդումների ձեւաչափը: Նա նաեւ ընդգծել է, որ լավ ծանոթ է Պուգաչովայի ստեղծագործություններին, սիրում է նրա երգերը, բայց հասկանում է նաեւ նրանց, ովքեր ուզում են հեռուստաէկրանին նոր դեմքեր տեսնել:

«Ինտերնետ-հանրության ներկայացուցիչների մեծ մասին դուր չի եկել գտնվել «Պուգաչովային հյուր» սեղանի շուրջ, այդ թվում՝ Առաջին ալիքի 45+ թիրախային լսարանին»,- կարծում է Մանուկյանը:

 

Հիմա Վադիմը փոխել է ստորագրահավաքի տեքստն ու կենտրոնացել Առաջին ալիքի հետ քննարկման վրա: Մանուկյանի օրակարգում են.

«Ամբողջությամբ բացառել իմ ստորագրահավաքի շուրջ առաջացած սկանդալը, որը, ըստ էության, առաջացավ արտաքին ազդեցությամբ; շարունակել հեռուստատեսության կատարելագործման շուրջ հանրային կառուցողական քննարկումները; առավելագույնս կենտրոնանալ ստորագրահավաքի սկզբնական թեմայի ուղղությամբ»:

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE