Հմայիչ Շակիրային Crystal Award են շնորհել

15:34   17 հունվարի, 2017

Դավոսում, որտեղ անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, քննարկվում են ոչ միայն տնտեսական հարցեր, այլեւ կարեւորում բարեգործական աշխատանքը:

Համաժողովի ընթացքում Շակիրային Crystal Award են շնորհել՝ հայրենի Կոլումբիայում երեխաների աջակցության գործում ներդրման համար, որտեղ երգչուհին զբաղվում է աղքատ ընտանիքների երեխաների կրթական ծրագրերի զարգացմամբ:

39-ամյա երգչուհին բարեգործական աշխատանքով է զբաղված միանգամից մի քանի հիմնադրամներով, նաեւ UNICEF-ի բարի կամքի դեսպան է:

«Այսօր մենք հոգ ենք տանում երեխաների մասին, որոնք վաղը բիզնես են ղեկավարելու, հասարակություն են ձեւավորելու, բազմաթիվ խնդիրներ են լուծելու: Մենք պետք է բիզնեսի ռազմավարությունը, բիզնեսի ուղեղը, ձեր ընկերությունների ներուժն օգտագործենք երեխաների սոցիալական խնդիրների լուծման համար, որոնք մեր ապագան են»,- իր ելույթում նշել է Շակիրան:

Շակիրայի հետ միասին պարգեւի է արժանացել նաեւ 55-ամյա Ֆորեսթ Ուիթեքերը՝ Աֆրիկայի հակամարտության գոտիներում երեխաների օգնության հարցում (իր հիմնադրամի) ներդրման համար:

«Ուգանդայում նախկին զինվորական երեխաներն այսօր աշխատում են խանութներում, էլեկտրոնիկայի ձեռնարկություններում»,- իր հիմնադրամի աշխատանքի մասին է պատմել դերասանը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFP, Reuters, Getty



© NEWS.am STYLE