Ցավը պետք է մոռանալ, ծաղրել դրան, ծիծաղել դրա վրա. Ջիմ Քերին նշում է 55-ամյակը

17:03   17 հունվարի, 2017

Հոլիվուդյան աստղ եւ հայտնի հումորիստ Ջիմ Քերին այսօր նշում է ծննդյան 55-ամյակը:

Դե իհարկե, բոլորս նրան լավ ենք ճանաչում եւ վստահորեն կարելի է ասել, որ նա Հոլիվուդի ամենասիրված դերասաններից է, չէ՞ որ ոչ բոլորին է հաջողվում, նույնիսկ, ամենատխուր պահերին ծիծաղեցնել իր անսովոր ժեստերով: Իսկ Քերիին դա շատ լավ է հաջողվում:

Դերասանը նկարահանվել է ամենահայտնի կատակերգություններում՝ «Դիմակը», «Էյս Վենտուրա», «Հիմարն ու ավելի հիմարը», «Սուտասանը», «Բրյուս ամենակարողը» եւ այլն:

Միշտ էլ հետաքրքիր է պարզել, թե ինչպիսին են սիրված կատակերգուներն իրական կյանքում: Ջիմ Քերիի դեպքում դա փորձեցինք պարզել նրա մի քանի մեջբերումների միջոցով:

«Ցանկացած ազդեցիկ տղամարդու ետեւում կանգնած է մի կին, որը աչքերով հոշոտում է նրան»:

«Ես, իսկապես, կարծում եմ, որ յուրաքանչյուրս ինքներս ենք ստեղծում մեր սեփական տիեզերքը: Փորձում եմ այնպես անել, որ իմը լավը լինի»:

«Միգուցե, որոշ մարդիկ փորձում են սահմանափակել ինձ, բայց ես երբեք ոչ մի սահմաններ չեմ դնում իմ առջեւ»:

«Մարդկանց առիթ է պետք որեւէ բան անելու համար, բայց ես չեմ կարծում, թե ինչ-որ բան կարող ենք անել առանց հուսահատություն ապրելու»:

«Ես ցանկանում եմ մոռանալ իմ կյանքում եղած ցանկացած ցավ: Ցավը պետք է մոռանալ, ծաղրել դրան, ծիծաղել դրա վրա»:

«Ես միշտ ասել եմ ՈՉ ալկոհոլին եւ թմրանյութերին: Կյանքը չափազանց հիասքանչ է դրանց վրա ժամանակ մատնելու համար»:

«Տանը նստած չես կարող աստղ լինել»:

«Ցանկանում եմ կարողանալ եւ ծիծաղեցնել, եւ հուզել: Այդպիսին է թատրոնը»:

«Ինձ հետ ապրելը շատ դժվար է: Ես, ասես, վանդակում փակված կենդանի լինեմ»:

«Երբեմն այնքան եմ տարվում իմ աշխատանքով, որ այլ բանով զբաղվելն, ուղղակի, անհնարին է դառնում»:

«Հաճախ եմ գիշերն արթուն մնում: Ոչ այն պատճառով, որ երեկույթների եմ գնում, պարզապես, գիշերն այն ժամն է, երբ կարող եմ մենակ մնալ եւ չխաղալ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE