Ամերիկահայ երգիչ Գրեգ Մարքսը` իր երաժշտական կարիերայի, ներշնչանքների եւ Հայաստան վերադառնալու մասին

12:20   19 հունվարի, 2017

15-ամյա Գրեգ Մարգարյանը, որը հայտնի է Գրեգ Մարքս բեմական անվամբ, մի քանի տարի է, ինչ Լոս Անջելեսում զբաղվում է երաժշտական կարիերայով եւ նկարահանվում է ֆիլմերում: Նրան կարող եք տեսնել «Արամ, Արամ», «Bandit Hound» ֆիլմերում եւ  «Զանգը» կարճամետրաժ կինոնկարում:

Բոլորովին վերջերս ամերիկաբնակ երգիչը ներկայացրեց իր տեսահոլովակը` «Too Late» երգի հիման վրա, որը հայտնվել է Vevo-ում:

Իսկ օրերս NEWS.am STYLE-ը զրուցել է Գրեգի հետ` օտար ափերում բնակվող հայազգի երգչին հայրենիքում բացահայտելու նպատակով:

«Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 7 տարեկանից, երբ ծնողներս առաջին անգամ ինձ կիթառ նվիրեցին: Հասկացա, որ ինձ դուր է գալիս երաժշտտությունը եւ որ միշտ պետք է դրանով զբաղվեմ»,-ասում է Գրեգը, որի համար երաժշտության ասպարեզում ներշնչանք են Մայքլ Ջեքսոնը, Աշերը, Ջասթին Բիբերը, Ջասթին Թիմբերլեյքը, Քրիս Բրաունը եւ Նեյոն:

«Նրանցից յուրաքանչյուրից շատ բաներ կարող եմ սովորել: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտական երազանքներիս, ապա ցանկանում եմ, որ երգերս հասանելի լինեն երաժշտասերներին, դուր գան մարդկանց, կապ չունի, թե աշխարհի որ ծայրում են նրանք ապրում: Բացի այդ` ցանկանում եմ օրինակ ծառայել մարդկանց համար` ցույց տալով, որ բոլորս էլ կարող ենք տարբեր լինել եւ նոր բաներ ստեղծել»:

Գրեգն առայժմ դպրոցում է սովորում: Ուսմանը զուգահեռ նաեւ հաճախում է կիթառի, դաշնամուրի, պարի, վոկալի դասընթացների, ինչպես նաեւ գրում է երգեր:

«Իմ հետաքրքրությունների մեջ է մտնում երաժշտություն ստեղծելը: Ցանկանում եմ ինքս գրել, գործիքավորել եւ ստեղծել իմ երգերը»,-նշում է նպատակասլաց երիտասարդը, որը հայրենիքում վերջին անգամ եղել է 5 տարեկան հասակում.

«Մեծ ցանկություն ունեմ վերադառնալու եւ ավելին բացահայտելու Հայաստանի մասին: Ցանկանում եմ ավելի շատ կապված լինել իմ արմատների հետ»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Գրեգի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE