Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. Միլա Կունիսը` «շատ վատ մայրիկի» դերում

18:33   19 հունվարի, 2017

Մենք հաճախ նախանձով ենք նայում մեր շրջապատի մարդկանց, քանի որ մեզ թվում է` նրանց կյանքն ավելի հետաքրքիր է եւ երջանիկ, մինչդեռ երբեք չես կարող իմանալ, թե ինչ խնդիրներ են թաքնված տվյալ ընտանիքում:

Այսպես օրինակ` Էմի Միտչելը, անվերջ վայելում էր շրջապատի հիացմունքը: Նա ամուսնացած է, երկու երեխաներ մայր, որն ունի հաջող կարիերա եւ կարողանում է համատեղել ընտանքին ու աշխատանքը: Երեւի Էմին էլ էր այդպես կարծում, մինչեւ օրերից մի օր հայտնաբերում է, որ ամուսինն իրեն դավաճանում է: Էմին դուրս է հանում նրան տանից եւ ստիպված է լինում երկու անչափահաս երեխաների դաստիարակությամբ զբաղվել ինքնուրույն, միեւնույն ժամանակ շարունակելով աշխատել. չէ՞ որ, նրան այդ պահին գումարն առավել քան անհրաժեշտ էր:

Սակայն մի օր, վերջապես, Էմին նկատում է, որ ինքը դադարել է կատարյալ կին եւ կատարյալ մայր լինելուց: Շուտով կինը ակումբներից մեկում հանդիպում է սեքսուալ, բայց միայնակ Կարլային եւ զուսպ ու ամուսնուն հնազանդ Կիկինն: Առաջին հայացքից բոլորովին տարբեր թվացող կանայք դառնում են լավագույն ընկերուհիներ, իսկ թե ինչ է կատարվում հետո, ավելի լավ է տեսնեք` սկանդալ, խնջույքներ եւ, նույնիսկ, «հեղափոխություն»…

2016 թ-ին նկարահանված «Վատ մայրիկները» կատակերգության ռեժիսորը Սքոթ Մուրն է: Ֆիլմը նկարահանվել է Ջոն Լուկասի սցենարի հիման վրա: Գլխավոր հերոսուհիներն մարմնավորում են Միլա Կունիսը (Էմի), Քեթրին Հենը (Կարլա) եւ Քրիսթեն Բելլը (Կիկի):

Կատակերգության ժանրի սիրահարներին մաղթում ենք հաճելի դիտում: Չմոռանաք կիսվել կարծիքներով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE