Սերիալ «Շերլոկ». անտաղա՞նդ, թե՞ հանճարեղ

21:11   20 հունվարի, 2017

Հերթը հասավ այս սերիալին, որը համացանցում վարկանիշային ռեկորդներ է սահմանում։

Շերլոկի (այս պահին) նոր՝ 4-րդ եթերաշրջանը 3 սերիա ուներ՝ «Վեց Թետչեր», «Շերլոկը մահամերձ է» եւ «Վերջին գործը»։ Հասկանալով, որ սերիալը երկրպագուների հսկայական բանակ ունի, եւ որ ցանկացած բացասական բառ կարող է քննադատության արժանանալ՝ փորձենք չեզոք լինել եւ հասկանալ, թե ինչ են ստեղծել Սթիվեն Մոֆաթն ու Մարկ Գեթիսը (Մայքրոֆթը), քանի որ դիտելով բոլոր երեք սերիաները՝ մենք սկսում ենք խղճալ սըր Արթուր Կոնան Դոյլին։

Իմ համեստ եւ ոչ մասնագիտական կարծիքի համաձայն՝ բոլոր եթերաշրջանները «փրկում են» Բենեդիկտ Քեմբերբեթչը եւ Մարտին Ֆրիմենը, բայց այս անգամ նույնիսկ նրանք «տապալվեցին»։ Անկեղծ ասած՝ համակրելի էր Մորիարտիին կերտած Էնդրյու Սքոթի խաղը, առանց որի ոչ մի կերպ այդ ֆիլմը չի ստացվի։ Հետաքրքիր է, որ առանց նրա են նկարահանելու 5-րդ եւ թվում է, թե վերջին եթերաշրջանը։

Սկսենք «Վեց Թետչեր» դրվագից։ Կարող եք ինձ սպանել, բայց սերիալին կարելի է տալ BAFTA–ի բոլոր մրցանակները, սակայն դրանից այն նորմալ կինո չի դառնա։ Ինչպե՞ս նայես դետեկտիվը, եթե առաջին իսկ րոպեներից պարզ է դառնում, թե որն է գիպսե «Երկաթյա տիկնոջ» կիսանդրիները ջարդելու իմաստը։ Բժիշկ Ուոթսոնի կնոջ անցյալը նրա առաջ է կանգնում հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկի վրեժի տեսքով, որը վրեժ է լուծում Թբիլիսիում գործողության ժամանակ «դավաճանելու» համար (ինչ կապ ունեն վրացիները, հասկանալի չէ)։ Մի խոսքով՝ սերիայի ավարտին Շերլոկը սխալ է թույլ տալիս, եւ Մերին նրան փրկելիս մահանում է։

Հաջորդ սերիայում Շերլոկը թմրանյութի ազդեցության տակ պատկերացնում է, որ ինքը վազում է սերիական մարդասպանի հետեւից, որը հիվանդանոց է կառուցել եւ այնտեղ սպանում է հիվանդներին («Հանցագործությունների ամերիկյան պատմություն»–ը հիշենք) եւ Ուոթսոնի օգնությամբ Շերլոկը բացահայտում է գործը։

Սերիայի ավարտին պարզվում է, որ Շերլոկը եւ Մայքրոֆթը գերհանճարեղ քույր ունեն, որը հանդիպում էր Մորիարտիի հետ, եւ որը «Վերջին գործը» սերիայում դավադրություններ եւ գլուխկոտրուկներ, սպանություններ է կազմակերպում այնպես, որ Հոլմս տոհմի համար սկսում ես սարսափ ապրել։ Բայց ամեն բան լավ է վերջանում, մանրամասները չենք պատմի, եթե դուք դեռ չեք դիտել սերիալը։

Հիմա՝ տպավորությունների մասին։ Անկեղծ ասած՝ ֆիլմը բրիտանական սոուսով համեմված ամերիկյան թրիլլերների ռիմեյքների տպավորություն է թողնում։ Վերջին սերիայում Շերլոկը, Մայքրոֆթն ու Ուոթսոնը սարսափելի գլուխկոտրուկներ են բացահայտում, որոնք ստեղծում է նրանց քույրը, այնինչ փակ տարածությունից թիմի որեւէ անդամի՝ այս աշխարհ ներթափանցումը թեմա է, որն արդեն 15 տարի առկա է կուլտային ամերիկյան թրիլլերներում։ Անկեղծ ասած՝ Շերլոկի քրոջը սուպերտաղանդի հարցում չափն անցել են, նա Marvel–ի կոմիքսների հերոսներին էր հիշեցնում։

Ահա թե ինչ կասեմ։ Այս սերիալը նկարահանվել է շատ երիտասարդ լսարանի համար, որը  դետեկտիվի ֆանատ չէ, որը գիրքը չի կարդացել եւ որը հաստատ չի տեսել Վասիլի Լիվանովի կերտած գլուխգործոցը։ Այո, ժամանակակից Շերլոկը տեմպ է, շարժում, բարձրորակ տեսարաններ, բայց այդ ամենը մակերեսային է, իսկ դետեկտիվի համար մակերեսայնությունը մահ է։ Դասականությունը ներդաշնակության հիմքն է։

Ավարտում ենք ֆիլմի ամենաուժեղ դրվագով…

Ընդմիշտ Ձեր՝ Ալեն Վուդիյան

 



© NEWS.am STYLE